Երիտասարդի ընտանիքի խնդիրների ուսումնասիրությունից հետո կներկայացնենք հնարավոր լուծումները․ Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կուրթանեցի երիտասարդին.

«Հարգելի ընկերներ, կուրթանեցի երիտասարդի պատմության հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը:

Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներ…

Սրանք խնդիրներ են, որոնք այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում: Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, երիտասարդի ընտանիքի տարաբնույթ խնդիրների համապարփակ ուսումնասիրությունից հետո մենք առաջիկայում կներկայացնենք նաև ընդհանրական արդյունքներն ու հնարավոր լուծումները:

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը’ մեր ջանքերը մեկտեղելու ու տեսանելի արդյունքների հասնելու համար»:

Հիշեցնենք, Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը շաբաթ օրը Ստեփանավան այցի ժամանակ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել իր ընտանիքի տան խնդիրը: Փաշինյանը հանդիմանել էր տղամարդուն՝ ասելով, թե նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում: