Նախկին քաղբանտարկյալներ. «Ոստիկանների հակաօրինական գործողությունները հղի են լարվածության առաջացմամբ»

Մի քանի օր առաջ ստեղծված «Քաղբանտարկյալներ» Հասարակական կազմակերպությունը, որում ընդգրկված են նախկին քաղբանտարկյալները, եւ որը ղեկավարում է նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է նախօրեին ձերբակալված 7 ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների գործին:
Հիշեցնենք, որ ներկայում Ձերբակալվածների պահման վայրում, (КПЗ) են գտնվում Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Արեգ, Սարգիս, Վահագն Գեւորգյանները, Սահակ Մուրադյանն ու Դավիթ Քիրամիջյանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ «ՀՀ Ոստիկանությունը օգոստոսի 9-ին հերթական անգամ բռնություն կիրառելով Կոնգրեսի երիտասարդ անդամների նկատմամբ, նրանց բերման է ենթարկել ոստիկանության Կնտրոնի բաժին, իսկ արդեն ուշ գիշերին ձերբակալել»:
Հայտարարության հեղինակները «առավել վրդովեցուցիչ» են համարել այն հանգամանքը, որ «ծեծը շարունակվել է ոստիկանության բաժնում: Երտասարդները զրկված են եղել անհրաժեշտ բուժօգնությունից, չեն կարողացել օգտվել փաստաբանական ծառայություններից, իսկ փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնություն, սահմանափակվել է փաստաբանների ազատ տեղաշարժի իրավունքը, հնարավորություն չեն տվել իրականացնել մասնագիտական գործառույթներ»:
«Նախկին քաղբանտարկյալների նորաստեղծ «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ ոստիկանների նման հակաօրինական գործողությունները հղի են լարվածության առաջացմամբ եւ կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել քաղբանտարկյալներ ունենալու ավանդույթը եւ անհապաղ ազատ արձակել ՀԱԿ երրիտասարդ ակտիվիստներին: Նաեւ զգուշացնում ենք, որ վճռականորեն պայքարելու ենք մարդու իրավունքների ու ազատությունների նման կոպիտ ոտնահարումների դեմ»,- նշված է հայտարարության մեջ:
© Medialab.am