Ուշի գյուղում`պաստերելյոզ.կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել

Ուշի գյուղում`պաստերելյոզ.կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել
Ուշի գյուղում`պաստերելյոզ.կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվել

Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդություն: Հիվանդության գրանցման առաջին դեպքից առ այսօր 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ ենթարկվել են հարկադիր սպանդի, որոնց մոտ առձանագրվել են հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ:

Հիվանդության դեպքի գրանցման անմիջապես հաջորդ օրը, համայնքի անասնաբույժի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հիվանդներին ներարկել են իմուն շիճուկ, իսկ պայմանական առողջները ենթարկվել են հակապաստերելյոզային պատվաստման, իրականացվել է տարածքի ախտահանում: Այդ միջոցառումներից հետո մինչ այժմ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Պաստերելյոզ հիվանդության նկատմամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է խիստ հսկողություն:

Պաստերելյոզը գյուղատնտեսական, վայրի կենդանիների եւ թռչունների վարակիչ հիվանդություն է: Վարակը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, համատեղ պահվածքի դեպքում կերի և ջրի միջոցով, վնասված մաշկի միջոցով:

Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ այն ընթանում է հիմնականում սուր, հազվադեպ ենթասուր ձևերով: Այս հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում են թոքերը: Գաղտնի շրջանը տևում է 6-48 ժամ: Հիվանդության առաջին ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 40 աստիճան և ավելի, ընդհանուր թուլություն, ծանր շնչառություն, հաճախակիացած զարկերակ, մկանային դող, ախորժակի լիառժեք բացակայություն: Պաստերելյոզից կենդանու անկման հավանականությունը կազմում է 10-75 տոկոս, կախված նրա օրգանիզմի դիմադրողականությունից, հիվանդության ընթացքից և ժամանակին ստացած անասնաբուժական միջամտությունից: Հիվանդ կենդանիներից ստացված նմուշների բակտերիոլոգիական հետազոտությունները հնարավորություն են տալիս անսխալ ախտորոշել պաստերելյոզը: Կենդանիների լավ պահվածքը հանդիսանում է այս հիվադության դեմ պայքարի լավագույն միջոցը: Հիվանդ կենդանիներին անհրաժեշտ է մեկուսացնել, բուժել, իսկ նրանց գտնվելու վայրը՝ ախտահանել:

© Medialab.am