«Հիմա տարածված վիրուսը երեխաներն ավելի դժվար են հաղթահարում, քան կորոնավիրուսը». ԱՆ գլխավոր մանկաբույժ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, մանկական հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված: Ի՞նչ նոր վիրուսի խմբի հետ գործ ունենք. վիրուսն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, բրոնխիտ, հազ։ Իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Այո՛, մենք հիմա երկու տեսակ վարակի հետ գործ ունենք, որոնք այդ ախտանշաններն ունեն՝ մասամբ հազային, մասամբ ջերմությունով, և, իհարկե, աղիքային խանգարումներ էլ կան, որն այս սեզոնին բնորոշ է: Պետք է ասեմ, որ դրանք այս տարվա սեզոնին կորոնավիրուսով պայմանավորված ոչ այդքան բնորոշ են:

Եթե առաջ կային օրինաչափություններ, որոնք ավելի շատ բնորոշ էին գրիպին, ռեսպիրատոր վիրուսին և այլ վիրուսների, հիմա, կարծես թե, այս երկու տարում օրինաչափությունները մի քիչ փոխվել են: Եվ, ամենայն հավանականությամբ, հազով ուղեկցվող վիրուսը գրիպի տեսակներից մեկն է։ Այդուհանդերձ, մենք պատկերացնում ենք իրավիճակը և փորձում ենք կառավարել այն:

– Բժիշկներն ասում են, որ այս վիրուսին բնորոշ է բարձր ջերմությունը, որը երբեմն կարող է 10 օր տևել: Այս առումով ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ խորհուրդներ կտաք ծնողներին:

-Ճիշտն այն է, որ այդ ամեն ինչն արվի բժիշկների հետ համագործակցությամբ, իհարկե կան նման վիրուսներ, որոնք ավելի երկար են տևում, ասենք՝ մեկ շաբաթ, բայց կան նաև այլ հիվանդություններ, որոնք այդքան հեշտ չի իրարից տարանջատելը:

Դրա համար պետք է հետևել երեխայի վիճակին և բժշկի գնահատականներից հետո հասկանալ անելիքները: Որովհետև հիմա իսկապես ոչ բնորոշ իրավիճակներ են, և, դա հաշվի առնելով, ամենակարևորը բժշկի հետ պարբերաբար շփումներն են և հսկողությունը:

– Այս վիրուսներին բնորոշ է արագ տարածվելու հանգամանքը: Նույնիսկ խոսում են այն մասին, որ, օրինակ՝ ամբողջ մանկապարտեզի երեխաները նույն ախտանշաններով՝ հազ, ջերմություն, հիվանդ են:

– Այո՛, կան, դա աղիքային ցուպիկ էր: Այստեղ խնդիրը նաև այն է, որ դա սեզոնային է, և շատ դեպքերում ջերմության հետ կապակցված է: Քանի որ այս օրերին շոգի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում, ջերմաստիճանը նպաստում է տարածվածության աստիճանի մեծացմանը, և այստեղ որևէ խորհուրդ, բացի նրանից, որ պետք է հիգիենայի բոլոր կանոնները պահպանել, չկա:

Ընդ որում՝ այդ կանոնները պետք է պահպանել, թե՛ հիմնարկների մակարդակով, որտեղ, ասենք՝ սնունդ է պատրաստվում, թե՛ անհատական: Պետք է հասկանալ, որ սովորական սեզոնների ժամանակ, երբ շոգերը գալիս են, որոշ ժամանակ է պետք, որ վիրուսը գլուխ բարձրացնի: Քանի որ այս տարի շոգերը շուտ են եկել, դա էլ, ըստ երևույթին, նպաստում է աղիքային խմբի հիվանդությունների աճին:

– Այս վիրուսին բնորո՞շ է բրոնխիտի և կրուպի առկայությունը:

 -Դա էլ՝ իր հերթին, այս վիրուսին բնորոշ են և՛ ջերմային, և՛ հազային, և՛աղիքային հիվանդությունները: Այստեղ ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունենա իր վստահելի ընտանեկան բժիշկը, որը կգնահատի երեխայի վիճակը և կհասկանա իր անելիքը:

– Արդյոք մանկական բաժանմունքները գերծանրաբեռնվա՞ծ են, հասցնո՞ւմ են սպասարկել:

-Դժվարությամբ, բայց, այո՛, հասցնում են: Սովորաբար գալիս է հազային սեզոնը, դա անցնում է, գալիս են լուծայինը, ջերմայինը, հիմա դրանք միացել են իրար:

Մի երևույթ կա, որի մասին չեմ կարող չասել. քանի որ կարանտինը բավական երկար է եղել, երեխաները սովորաբար վաղ տարիքում շփվում են վիրուսների հետ, ձևավորվում է իմունիտետ վիրուսների նկատմամբ, բայց այս երկար կարանտինի արդյունքում ստացվում է, որ որոշակի փակ սեզոն ենք ունեցել, դրա համար հիմա ամեն ինչ կուտակվել է, և լարված վիճակ է ստեղծվել:

– Փաստորեն, եթե երեխաներն ավելի հեշտ էին հաղթահարում կորոնավիրուսը, այս դեպքում ավելի ծանր են տանում հիվանդությունը:

– Իրապես ավելի ծանր են տանում, քան կորոնավիրուսը:

Մանե Հարությունյան

MediaLab.am