Նոր հուշադրամներ և նամականիշներ ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայփոստի» անմիջական մասնակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում բացվել է «Հայաստանի Հանրապետության նամականիշները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր ցուցահանդեսները:
Հայաստանի կենտրոնական բանկի և «Հայփոստի» վերոնշյալ ցուցադրություններում ներկայացված են 1991 – 2011 թվականներին թողարկված հուշադրամների և նամականիշների նմուշներ:

ՀՀ անկախության 20 ամյակի առիթով թողարկվել է երկու նամականիշ, որոնցից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը և եռագույնը, իսկ մյուսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանը և պետական դրոշը: Յուրաքանչյուր նամականիշ տպագրվել է 40 000 օրինակով` 330 և 380 անվանական արժեքներով: Շրջանառության մեջ են դրվելու 2011թ.-ի սեպտեմբերի 13-ից:

Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 հուշադրամ:

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունում ներկայացված են շուրջ 4 տասնյակ ոսկե և 100 արծաթե հուշադրամներ, այդ թվում Հայոց չորս թագավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 10, 15, և 20-ամյակներին նվիրված հուշադրամները: Ցուցադրությունում առանձնակի տեղ են գրավում հայոց հավատքն արտացոլող հուշադրամները` մեր գոյապահպանման ու պատմության անբաժան իրողությունը հանդիսացող եկեղեցիների ու միաբանությունների պատկերներով:

Ցուցադրությունում թեմատիկ բաժանումներով ներկայացված են նաև անվանի անհատներին, հուշարձաններին, Հայաստանի մշակույթին, պատմությանը, Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհին, ինչպես նաև տարբեր սպորտային իրադարձություններին նվիրված հուշադրամներ:

ՀՀ կենտրոնական բանկը մասնակցում է նաև մի շարք միջազգային դրամագիտական ծրագրերի, որոնց շրջանակներում ևս թողարկվել են 5 տասնյակի հասնող հուշադրամներ:

© Medialab.am