«Էդ կնոջը քշեցին` ասելով` մենք հաց ենք ուտում, գնա դու սոված մեռիր». հակասական իրավիճակի շուրջ

«Էդ կնոջը քշեցին` ասելով` մենք հաց ենք ուտում, գնա դու սոված մեռիր». հակասական իրավիճակի շուրջ
«Էդ կնոջը քշեցին` ասելով` մենք հաց ենք ուտում, գնա դու սոված մեռիր». հակասական իրավիճակի շուրջ

Այսօր, երբ նշվում է Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձը, Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցածը ևս մեկ անգամ երկրում տիրող հակասական իրավիճակի մասին քննարկումների եւ գնահատականների առիթ է հանդիսացել:
Հիշեցնենք, որ, ըստ «Գալա» հեռուստաընկերության տեսանյութի, Սերժ Սարգսյանն այսօր բարկացել է պանթեոնում իրեն մոտեցած լաց լինող կանանցից մեկի վրա, ով բողոքել է սոցիալական վիճակից:
«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- զայրացած տոնով ասում է Սերժ Սարգսյանը:

Ըստ «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստների, ինչպես Սերժ Սարգսյանն այս դեպքում, նույնկերպ իշխանություններն էլ անցնող տարիներին անտեսեցին բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ծնողների լացը:

Հիշեցնենք, որ արդեն շուրջ երեք տարի է, ինչ կառավարության շենքի առջև ամեն հինգշաբթի բողոքի ձայն են բարձրացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Թեեւ անձամբ Սերժ Սարգսյանն էր զինվորների մայրերին խոստացել, որ նրանց որդիների մահվան հանգամանքները կբացահայտվեն, սակայն առ այսօր որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել:

Չնայած, բազում կնճռոտ խնդիրներին եւ չիրականացած խոստումներին, իսկ նախօրեին կրկին անգամ բանակում արձանագրված մահվան դեպքին եւ ծեծի հետեւանքով տանը մահացած զինվոր Ժորա Մկրտչյան մահվանը, նախընտրական փուլ մտած Հայաստանում շարունակվում են նախընտրական խոստումները:

Նախագահի թեկնածու, նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրով խոստանում է, որ շարունակելու են ամրապնդել զինվորական պարտադիր ծառայության ինստիտուտի հանդեպ վստահությունը, իսկ անկարգությունն ու ծառայակիցների հանդեպ ահաբեկում ՀՀ զինված ուժերում տեղի չեն ունենալլու:

«Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ: Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցումով հրամանների անվերապահ կատարման վրա»,-նշված է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:

Սակայն, բանակում խաղաղ պայմաներում զոհված պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը քույրը` «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը նշում է, որ չի հավատում, թե թե բանակում արմատացած բարքերը հնարավոր կլինի փոխել, քանի որ «բանակում ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառներից գլխավորը բանակի քաղաքականցումն ու կոռուպցիան են»:

«Իշխանությունը խոստումները տալիս է, որպեսզի հանգստացնի մարդկանց, գլխների տակ փափուկ բարձ դնի: Բայց իրականում չի կատարում այդ խոստումները և չի էլ կարող կատարել, որովհետև եթե ինքը անցնի փոփոխությունների, դա նշանակում է, որ ինքը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է»,-«Մեդիալաբին» ասում է Ծովինար Նազարյանը:

Նրա խոսքով` իշխանությունն այսօր այնքան սերտաճած է օլիգարխիայի, կոռուպցիայի ու հանցավորության հետ, որ չի կարող ազատվել կրիմինալից: Դա նշանակում է, որ ինքն իրենից պետք է ազատվի:

«Այդ կինն իր թշվառության մեջ մոտեցել է մեկին, ով իր կարծիքով պետք է իրեն օգներ, բայց էդ մեկը, ով երկրի ղեկավարն է, գերագույն գլխավոր հրամանատարը, ասում է` տոնս մի հարամի: Սա անգամ ամենացածր չինովնիկին վայել պատասխան չէ անգամ: Ամոթ է ուղղակի, որ նախագահի մակարդակի մարդը կարող է այդպիսի արտահայտություն անել: Էդ կնոջը քշեցին` ասելով` մենք հաց ենք ուտում, գնա դու սոված մեռիր: Դա էր նրանց ասածը»,-այսօրվա միջադեպին է անդրադառնում նա:

Մինչ այսօր հանդիասվորությամբ նշվում էր Բանակի կազմավորման տոնը, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներն բացիկներ են բաժանել բանակին նվիրված համերգի ժամանակ:

Մոտ 270 խորհրդանշական բացիկները նաեւ  է ուղարկվել են ՀՀ պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, բոլոր նախարարնմահվաներին եւ պատգամավորներին, բանակի բարձրաստիճան զինվորականներին, կաթողիկոսին, դատավորներին, ՄԻՊ-ին, մարզպետերին, դատախազներին եւ այլն: Այդ բացիկները խորհրդանշական կերպով ուղարկվել են վերջին տարիներում Հայկական բանակում զոհված մոտ 200 զինծառայողների անունից:

Բանակի բարձրագույն հրամանատարական կազմին եւ մի շարք այլ պաշտոնյաների ուղղված նամակները ստորագրված են 2012-ի հունվարի 27-ին զոհված զինծառայող Փայլակ Շահնազարյանի անունից:

«Գեներալներ եղան, որ էդպիսի արտահայտություն արեցին, թե` էս տոնական օրով ինչ եք եկել: Կներեք, իմ համար սա տոն չի, սա դժբախտության օր է: Ձեր արածը նման է խրախճանքի ժանտախտի ժամանակ»,-նշում է Ծովինար Նազարյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբին» ասում է, որ չպետք է զարմանալ Սերժ Սարգսյանի այդ պահվածքի վրա, թեեւ միառժամանակ նշում է, որ ամեն անգամ զարմանում է, երբ նա «հրապարակային հանդիպումների ժամանակ չի կարողանում իրեն զսպել»:

Սաքունցի խոսքով` տարօրինակ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Սերժ Սարգսյան ասում է` «Մեր տոնը»: «Ո՞ւմ տոնը, բանակի տոնը յուրացնել և ասել` «մեր տոնը», ես չգիտեմ` ո՞ւմ նկատի ունի: Ինքն էր մի ժամանակ առաջ ասում, որ` յուրաքանչյուր ոք, եթե վատ է զգում, ապա դա մեզ համար պրոբլեմ է: Հիմա էդ կինը վատ է զգացել, Սերժ Սարգսյանը դա իր պրոբլեմը չհամարեց: Ավելին, հասկացրեց, որ` դու քո պրոբլեմով խանգարում ես մեր տոնը: Ավելին, ինքը յուրացնելով տոնը` ասում է, որ` բանակը մերն է: Այսինքն` այս մոտեցումը կա, որ` բանակը մերն է, ոչ թե պետությանը»,- ասում է Սաքունցը:

Բանակում առկա բարքերին անդրադառնալով` Արթուր Սաքունցը ասում է, որ համակարգը ձևավորվել էր պատերազմական գործողությունների ընթացքում և որոշակի արձագանք էր առկա մարտահրավերին: Բայց զինադադարից հետո զինված ուժերի համակարգը մնացել է նույնը, որևէ փոփոխության չի ենթարկվել: Իրավապաշտպանի խոսքով` համակարգը արմատական փոփոխության կարքի ունի, քանի որ խորհրդային մոդելով է ստեղծվել:

«Բանակը պետության կայացմանը զուգահեռ, որպես պետական կառույց, պետք է ունենար բոլորին այլ կառուցվածք: Բայց մենք տեսնում ենք, որ արժեքային համակարգը բանակում չի փոխվել: Համակարգում գերխնդիր շարունակում է մնալ գլխաքանակի ու զինտեխնիկայի համալրման հարցը, բայց կառավարման, փոխհարաբերությունների կարգավորման մոդելները չեն փոխվել, զինված ուժերը մնում է ավտորիտար իր ամբողջ էությամբ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

© Medialab.am