Փոխվարչապետն անդրադարձավ ՀՀ-ի վրա ՌԴ-ից հացահատիկի արտահանման արգելքի ազդեցության հնարավորությանը

Հեղինակ MediaLab

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բարձրացրել է Ռուսաստանից հացահատիկային արտադրանքի արտահանման արգելքի և Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության հարցը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:

Եղիազարյանը նշեց, որ մարտի 20-ից ՌԴ-ն դադարեցրել է Ռուսաստանից հացահատիկի արտահանումը` կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: Նա հետաքրքրվեց, թե դա ինչքանով կանդրադառնա Հայաստանի պարենային անվտանգության վրա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքեց` իսկապես նման խնդիր առաջացել է: Հայաստանն այդ հարցը բարձրացել է ԵԱՏՄ հարթակում: «Այսօր նիստը եղել է, պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ այդ դեպքում ԵԱՏՄ տարածքում յուրաքանչյուրը արտահանման արգելք դնի, որ չստացվի, որ ԵԱՏՄ երկրի միջոցով հացահատիկը գնում է երրորդ երկիր»,-ասաց Գրիգորյանն ու նշեց` այս պահին խնդիր չկա, հարցի շուրջ վերջնականապես կպայմանավորվեն ապրիլի 3-ին:

Պատգամավորը հետաքրքվեց, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանը ևս իր արտադրանքի` կարևորագույն սննդամթերքի համար արտահանման սահմանափակումներ դնի, որ հետո երկիրն ինքնաբավ լինի: Գրիգորյանը նշեց` այս պահին նման խնդիր չկա, եթե նման խնդիր առաջանա, պարետը բավարար գործիքակազմ ունի` կարգավորելու խնդիրը: «Շատ կարևոր է, որ ուշադիր և հավասարակշռված լինենք, որովհետև, եթե մենք նման գործողություններ անենք, այլ երկիր ևս անելու է: Պետք է հստակ գիտակցենք, թե ներմուծման, արտահանման բալանսն ինչպես ենք անում: Հընթացս կկառավարվի այդ հարցը: Այս պահին հաշվարկները ցույց են տալիս, որ միասնական որոշում կայացնելու խնդիր չկա»,-եզրափակեց փոխվարչապետը: