Տարեկան 1․800․000 դրամ խնայողություն՝ արևի հաշվին (Լուսանկարներ)

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան»-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարարության կողմից համակարգվող փոքր դրամաշնորհի միջոցով «Նյու Պլանետ» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերազինման ծրագիրը՝ արևային ֆոտոէլեկտրական կայանի և նորագույն ջեռուցման համակարգերի ներդրմամբ։

672 աշակերտ ունեցող դպրոցի ջեռուցման համակարգը մինչև ծրագրի իրականացումը գործել է ոչ էներգախնայող էլեկտրական տաքացուցիչներով, որոնց քանակությունը նույնպես սահմանափակ է եղել: Ձմռան ընթացքում էլեկտրաէներգիայի հսկայական ծախսը հնարավոր է եղել կրճատել ջեռուցման նոր համակարգի ներդրմամբ, որի միջոցով խնայվել են զգալի միջոցներ։
Ամրացվել է դպրոցի տանիքը։ Անց է կացվել ամբողջությամբ նոր հողանցման կոնտուր։ Քաղաքի միակ դպրոցի տանիքին տեղադրվել են թվով 68 արևային ֆոտոէլեկտրական վահանակներ։ Բոլոր դասարանները համալրվել են տաքացուցիչներով (120 տաքացուցիչ և 40 կարգավորիչ)։ Այժմ դպրոցի ջեռուցումն իրականացվում է սմարթ համակարգով՝ բացառելով մարդկային գործոնը։ Ծրագրի ավարտից ի վեր դպրոցը սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար հոսանքի սպառման դիմաց գումար չի վճարել։ Տարեկան խնայողությունը կազմում է շուրջ 1,800,000 ՀՀ դրամ։ Նախկին 14° C-ի փոխարեն այժմ ձմռան ամիսներին բոլորդ դասարաններում ապահովվում է 21-22° C ջերմասճան։
Դպրոցը համալրվել է ֆիզիկայի լաբորատոր ստենդով, որը հնարավորություն է տալիս աշակերտներին տեսնել կանաչ էներգիայի արտադրման ողջ գործընթացը։
Արևային կայանը հնարավորություն ունի միանալու առցանց մշտադիտարկման համակարգին՝ դիտարկելու համար կայանի արտադրած էներգիայի չափն ու արդյունավետությունը։