Ներել զբոսաշրջային ընկերությունների հարկային պարտավորությունները․Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան դիմել է վարչապետին

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի (ՀԱԱ) գործադիր տնօրեն Լիլիթ Դանիելյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները և պարտադիր վճարները, որոնք առաջացել են 2020թ. մարտի 1-ից մինչեւ 2021թ. ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Լիլիթ Դանիելյանը հիշեցրել, որ դեռևս մարտի 16-ին ՀԱԱ-ն բաց նամակով դիմել էր կառավարությանը՝ հորդորելով շտապ արձագանքել զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների և հատկապես հյուրանոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրներին և ձեռնարկել անհապաղ քայլեր։ Մասնավորապես, առաջարկ էր արվել հետաձգել հյուրանոցային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները։

«Մարտի 16-ից հետո անցել է հարկերի վճարման արդեն երկու վերջնաժամկետ (մարտի 20 և ապրիլի 20), սակայն, ցավոք, մենք ոչ միայն չունեցանք տվյալ խնդրի հանգուցալուծում, այլ անգամ պաշտոնական մերժում չստացանք կառավարությունից։

ՀՀ Կառավարությունը իր կողմից տրամադրվող օգնությունը ձևակերպում է որպես նպատակային օգնություն տվյալ ոլորտին, բայց փաստորեն այդ օգնությունը ծառայում է պետության առջեւ հարկային պարտավորությունների մարմանը։ Այսինքն՝ նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը, ինչը իջեցնում է տվյալ միջոցառումների արդյունավետությունը, եթե ոչ ընդհանրապես դրանք զրոյացնում», – նշվում է նամակում:

Այսպես, ՀԱԱ-ն հորդորում է ՀՀ կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին․

– ներել զբոսաշրջային ընկերությունների բոլոր հարկային պարտավորությունները և պարտադիր վճարները, որոնք առաջացել են 2020թ․ մարտի 1-ից մինչև 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

– 2020թ․ մարտ և ապրիլ ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,

– 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և դրանով ապահովելով այսքան տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծված զբոսաշրջության ոլորտի վերականգնումը և խրախուսելով ոլորտում նոր ներդրումներ և հաջորդող տարիներին երկնիշ աճին վերադարձ։