Վարչապետը կարևորում է վարակի կանխարգելման ուղղությամբ քաղաքացիների վարքագծային կաննոների պահպանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ին ընտանիքով շրջել է Երևանում և նկատել, որ փողոցներում շատ մարդ է եղել: «Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում, և եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշեց, որ երբ սահմանափակումը մտցնում էին, բոլորի հույսն այն էր, որ մեկ, երկու ամսում վարակը կհաղթահարվի։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում են նրա համար, քանի որ ակնհայտ է՝ այս վիճակը շարունակվելու է: «Առնվազն մինչև մյուս տարվա մարտ, ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել, ընդհանրապես որևէ պետություն չի կարող այդպես», – ասաց վարչապետը։

Հայաստանում ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21 125 թեստավորում: Այսպիսով` մեկ օրում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։