ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետատարանի համատեղ մամլո հաղորդագրությունը

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետատարանի համատեղ մամլո հաղորդագրությունը
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետատարանի համատեղ մամլո հաղորդագրությունը

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետատարանի համատեղ մամլո հաղորդագրությունը Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի շենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ս. թ. մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաները: Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մասնագետների ծածկած շուկայի տարածք այցի արդյունքում արձանագրվել է 6 կամարաձև թաղերի փլուզում:

Ըստ Երևանի թիվ 1 շուկա ՍՊԸ տնօրինության` Մաշտոցի պողոտայի կողմից ստորգետնյա /հիմքերի/ հատվածում ուժեղացման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է, որ շինության նախկինում քանդված հետնամասի հատվածում առկա երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երևույթներ: Անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար կառուցապատողի կողմից որոշվել է անհապաղ քանդել փլուզվող մեկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասվել և հետագայում փլուզվել են նաև մինչև դեֆորմացիոն կար հասնող, միմյանց հետ կապակցված հաջորդ միաձույլ կողավոր թաղերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի վիճակը պահանջում էր համապատասխան կառույցների հրատապ միջամտություն՝ մայիսի 27-ի երեկոյան աշխատանքները դադարեցվել են և մայիսի 28-ին շինության առկա վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների և հրավիրված մասնագետների կողմից տեղում կատարվել է առկա վիճակի ուսումնասիրություն և կազմվել է փաստագրման արձանագրություն:

Հիշեցնում ենք, որ կառուցապատողն ուներ միայն ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն, և Ծածկած շուկայի ստորգետնյա ավտոկայանատեղիի ու պահեստային տարածքի կառուցման աշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 30. 03. 2012 թ. համաձայնեցված աշխատանքային նախագծով: Դեռևս մայիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը այցի ժամանակ փաստել էր, որ աշխատանքները իրականացվում են միայն ստորգետնյա հատվածում: Միաժամանակ հայտնում ենք, որ նախկինում շինությունում կատարված անօրինական շինարարական աշխատանքները դադարեցվել էին ևս 2 անգամ:

Դեռևս սույն թվականի մարտի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը` կից ներկայացված Ծածկած շուկայի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ Քաղսեյսմշին հետազոտում ՍՊԸ-ի կողմից 30. 05. 2011 թ. տրված եզրակացությամբ (այստեղ շենքը գնահատված է որպես 3-րդ աստիճանի վթարային կառույց): Գիտամեթոդական խորհուրդը, հաշվի առնելով շինության առկա փոփոխված իրավիճակը և ելնելով շուկայի հետագա անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներից, առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանը դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար: Ս. թ. մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի և վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է խիստ վթարային, և առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնյա կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով:

Խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրել է վերոնշյալ եզրակացությունները և Ծածկած շուկայի վերակառուցման ու վերահատակագծման էսքիզային նախագիծը` խնդրելով կազմել և ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել Կենտրոնական ծածկած շուկայի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, որում հաշվի կառնվեն տրված տեխնիկական եզրակացությունների պահանջները ու հուշարձան-շենքի արտաքին և ներքին տարածքի գեղարվեստական, ճարտարապետական ու ծավալատարածական լուծումները: Քաղաքապետարանի կողմից կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը նախարարության դիտողություններով և առաջարկություններով վերադարձվել է ս/թ ապրիլի 17-ին` լրամշակման:

Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը հարցը քննարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովումներում:

Շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով` շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են: ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Հանձնաժողովի եզրակացության արդյունքներով ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը:

© Medialab.am