Տիգրան Սարգսյան. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին»

Տիգրան Սարգսյան. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին»
Տիգրան Սարգսյան. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին»
Հեղինակ MediaLab

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության այցը Բելգիայի Թագավարություն: Տիգրան Սարգսյանն այցելել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS) և հանդես եկել ելույթով:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին, Հարավային Կովկասում առկա իրավիճակին և այլն: Շնորհակալություն հայտնելով հրավերի և Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնում ելույթ ունենալու հնարավորության համար` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող դարաշրջանում: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, աշխարհում տեղի ունեցող լայնածավալ փոփոխություններն ստիպում են վերանայել մեր անցած ուղին և մշակել բարեփոխումների նոր օրակարգ: Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր հասարակությունը փոփոխությունների կարիք ունի: Ինչպես պատմությունից հայտնի է, ոչ բոլոր փոփոխություններն են հանգեցնում ցանկալի արդյունքի: Ես հավատացած եմ, որ հիմնարար փոփոխությունների հաջողությունը կախված է նպատակները համատեղ ձևավորելու և մարդկանց այդ նպատակներին հասնելու գործընթացում ներգրավվելու կարողությունից»:

Վարչապետի խոսքով` եվրոպական պետությունների փորձը հստակ մատնանշում է վերոնշյալի իրականացման գործում ժողովրդավարական կառույցների արդյունավետությունը, միաժամանակ հարգելով խոսքի ազատության հիմնարար իրավունքը և հասարակական բանավեճերի և բազմազանության կարևորությունը: «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին: Մեր ընտրությունը պայմանավորված է մեր ժառանգության քրիստոնեական արմատներով և նախկինում ունեցած բռնապետա¬կան ռեժիմների հետքերից ազատվելու որոշմամբ: Օսմանյան կայսրության և Խորհրդային Միության դարավոր ժառանգությունը հիմնովին ձևախեղել է մեր սոցիալական պատկերը: Ժողովրդավարական բարեփոխումներն ունեն վարքագիծը փոխելու ներուժ և դրանք սկսվում են ընտրական գործընթացի բարեփոխումից՝ ուժեղացնելով սեփականության իրավունքների պաշտպանությունը, ապահովելով դատական անկախություն և խթանելով միջին խավի ձևավորմանը: Խավ, որը տնտեսապես և սոցիալապես պատաս¬խանատու է ընտրողներին և քաղաքացիներին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ 2012թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն իրական առաջընթաց են գրանցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում: «Եվրոպացի դիտորդների դիտարկումների համաձայն` այս ընտրություններն անկախության հռչակումից ի վեր 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին: Չնայած նշանակալի փոփոխություններին, դեռևս մեծ ճեղք կա Հայաստանի կողմից հռչակված արժեքների և ձգտումների ու ներկայիս իրավիճակի միջև: Այսօրվա աշխարհում փոփոխությունները կատարվում են ավելի արագ, քան երբևէ: Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և կառուցվածքային փոփոխությունների իրականացումը: Ակնհայտ է, որ արագ և էական առաջընթաց ապահովելու համար կենսական է Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական աջակ¬ցությունը»,- ասել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության կողմից առաջարկվող Արևելյան գործընկերությունը կենսական գործիք է, որը կարող է աջակցել բարեփոխումների գործընթացին: Կրկին անգամ երախտագիտություն հայտնելով այս առաջարկի համար` Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը հետագայում ևս զարգացնելու տնտեսական և քաղաքական ինտեգրացիան Եվրոպական Միության հետ:

Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ ներկայում բանակցություններ են ընթանում ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ: «Եվրոպական հանձնա¬ժողովը բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցել: ԵՄ-ի հետ արդեն բանակցությություններ ենք սկսել վիզաների ռեժիմի դյուրացման շուրջ: Երկու շաբաթից կմեկնարկեն բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որին նախորդել է մի շարք ոլորտներում լուրջ բարեփոխումների իրականացման երկարատև նախապատրաստական շրջանը: Եթե այս ձեռքբերումներին ավելացնենք այն, որ Հայաստանի երեք քաղաքական կուսակցություն վերջերս դարձան ԵԺԿ անդամ, ապա կարելի է ասել, որ մենք մտնում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների որակական նոր փուլ»,- վարչապետ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով` ԽՀԱԱՀ-ի բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ բարեփոխում¬ների իրականացումը և այն քայլերի ձեռնարկումը, որոնք ապահովեցին մեր պատմության մեջ ամենա ժողովրդավարական ընտրությունների իրականացումն ապացուցեցին ԵՄ-ի հետ երկարաժամկետ համակարգված համագործակցություն ծավալելու Հայաստանի կառավարության վճռականությունը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ի ցուցաբերած արդյունավետ աջակցությամբ մեր երկիրն արդեն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ. «Մեզ հաջողվել է ստեղծել Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ուժեղ և անկախ համակարգ: Մենք Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր կառույցներում ներդրել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ և կրճատել ենք հարկերի վճարման հաճախականությունը, որը կարևոր գործիք է բիզնես միջավայրի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործընթացում: Կոռուպցիան և անարդյունավետ հանրային կառավարումը լուրջ խոչընդոտ են մեր բարեփոխումների ճանապարհին: Այդ իսկ պատճառով, մենք մշակել և իրականացնում ենք Հակակոռուպցիոն ռազմավարություն: Պարզեցրել ենք պետության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայությունները: Պետական կառավարման համակարգի աշխատանքը դարձրել ենք թափանցիկ: Ներդրել ենք «Ինտերակտիվ բյուջե» առցանց համակարգը: Այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեղեկանալու, թե ինչ նպատակով, ի՛նչ ուղղությամբ և ինչպե՛ս են ծախսվում ՀՀ պետական բյուջեի գումարները»: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ քաղաքացիները հնարավորություն են ստացել հետևել պետական մարմիններ ներկայացրած իրենց դիմումների ընթացքին, հրապարակային է դարձվել գնումների գործընթացները, իսկ ՀՀ կառավարության նիստերի օրակարգերը նախապես հրապարակելու և նիստերը հեռարձակելու միջոցով հասարակությունը ներգրավվել է ՀՀ կառավարության որոշումների ընդունման կայացման գործընթացում: Վարչապետը տեղեկացրել է, որ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը կոչված է հրապարակային լսումների միջոցով քննարկման առարկա դարձնել բարձրաստիճան պաշտոնյաների վարքագիծը և շահերի բախման հնարավոր դեպքերը, ընդունվել է նաև օրենսդրություն, համաձայն որի, 500 բարձրաստիճան պաշտոնյաներ պարտավոր են իրենց եկամուտների մասին ներկայացնել հայտարարագիր, ինչը ևս հանրությանը հասանելի է լինելու առցանց: Ըդունվել է Կենսաթոշակի կուտակային համակարգ, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2014 թվականին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այն կստիպի, որպեսզի մեր երկրի քաղաքացիներն առավել մեծ պատասխանատվություն զգան իրենց ապագայի նկատմամբ և նշել, որ դա, միջին խավի ձևավորման հետ մեկտեղ, կնպաստի ավելի կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին` վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ իրականացվել են համալիր քայլեր: Համաշխարհային բանկի «doing business»-ի վերաբերյալ զեկույցում Հայաստանն առաջադիմել է 6 կետով: Մեր երկիրը ճանաչվել է որպես 2010 թվականի մայիս ամսից մինչև 2011-ի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում ամենից շատ բարեփոխումներ իրականացրած երկիրը: 2011-ին 6 կետով Հայաստանն առաջադիմել է նաև Global Competitiveness Index-ով: «Ժողովրդավարական ամուր հաստատությունները, խոսքի ազատությունը, ինչպես նաև հավասար ու արդար ներկայացվածությունը կենսական նշանակություն ունեն երկրի քաղաքական կայունության համար: Այս առումով, կարևորագույն հանգրվան էր մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: Մրցակցային հավասար պայմանների և ԶԼՄ-ների հավասար հասանելիու¬թյան շնորհիվ դրանք բեկումնային առաջընթաց արձանագրեցին մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման հարցում: Քաղաքացիական հասարակության և ժողովրդա¬վարության զարգացման ուղղությամբ մեր բարեփոխումների վկայությունն է նաև «World Press Freedom» Index-ի 2012 թվականի զեկույցը: Համաձայն վերջինիս, Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով զգալի առաջընթաց է գրանցել: Այն այսօր աշխարհի 180 երկրների շարքում 77-րդ տեղն է զբաղեցնում՝ ետ թողնելով անգամ ԵՄ անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու հանդիսացող որոշ երկրների»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքերով` մյուս կողմից, մեր երկրի բարեփոխումների ներուժը լրջորեն նվազում է Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական վտանգների հետևանքով: Առաջին, Ադրբեջանի արհեստական և ոչ կառավարելի ռազմական ծախսերը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերջինիս վճռական որոշումը մեծացնում են քաղաքական լարվածությունը տարածաշրջանում: «Երկրորդ, Հայաստանի շարունակվող շրջափակումը Թուրքիայի կողմից էապես նվազեցնում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունը: Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները բացասաբար են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա՝ նպաստելով հարցի լուծման հետաձգմանը: Մտադրություն չունենալով կասկածի տակ դնել Եվրոպական Միության ջանքերը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները լուրջ մարտահրավեր են հանդիսանում մեր տնտեսության համար: Իրանից բացի, միակ ուղին, որ կապում է Հայաստանը աշխարհի մնացած մասի հետ, հանդիսանում է Վրաստանը»,- ընդգծել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ 2008թ. օգոստոսին մեր տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները բացահայտեցին Հայաստանի տնտեսության խոցելիությունը, որի պատճառը միակ տրանսպորտային միջանցքից մեր տնտեսության չափազանց մեծ կախվածությունն էր: Այդ օրերին մեր պետությունն իր կենսական սպառման ապրանքների փոխադրումն իրականացնում էր Իրանի տարածքով: Գործադիրի ղեկավարն ասել է, որ պատժամիջոցների կիրառումն էապես նվազեցնում է այդ միջանցքի հասանելիությունը, մինչդեռ Թուրքիայի հետ մեր սահմանը բացելուն ուղղված Եվրոպական Միության համատեղ ջանքերը դեռևս ձախողվում են: Վարչապետը նշել է, որ Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների վերսկսման հնարավորությունը կարող է միայն նվազեցվել արժեքների համընդհանուր պլատֆորմ կառուցելու միջոցով:

«Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը գտնվում են Եվրոպական զարգացման ուղու վրա: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս ճանապարհին արդյունավետ բարեփոխումները կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը: Մեր տարածաշրջանի երկրների համար միակ ճիշտ տարբերակն է հիմնվել այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը, որոնք հանդիսանում են ժամանակակից Եվրոպայի անկյունաքարերը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ի հայտ է բերել մեր երկրի հիմնական խնդիրները, դրանք են՝ տնտեսության ոչ ճիշտ դիվերսիֆիկացիա, անարդյունավետ հանրային կառավարման համակարգ և մրցակցային ոչ հավասար պայմաններ: Վարչապետի կարծիքով` տնտեսական ճգնաժամը նպաստել է նաև աղքատության աճին, արտաքին պարտքի մեծացմանը և ինֆլացիայի բարձր տոկոսին: Նշելով, որ բոլոր այս գործոնները կրճատել են բարեփոխումներ իրականցնելու մեր ներուժ` Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում:

«Հարգելի գործընկերներ, մեր բարեփոխումների գաղափարախոսության հիմքում դրված է կայացած ժողովրդավարական հասարակության ստեղծման նպատակը: Դրան հասնելու ամենաարդյունավետ ճանապարհը, ըստ մեզ, միջին խավի ձևավորման մեջ է»,- նշել է վարչապետը և եվրոպացի գործընկերներին ներկայացրել Հայաստանում իրականացվելիք հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները: Մասնավորապես, գործադիրի ղեկավարն ասել է, որ կրթական ոլորտի բարեփոխումները մտավոր ներուժի մեծացման և սոցիալական պատկերը փոխելու ամենաարդյունավետ ուղին են հանդիսանում և ժամանակակից հասարակությունը չի կարող կառուցվել առանց ժամանակակից համալսարանների: Վարչապետն ասել է, որ անկախ դատական համակարգը կարող է երաշխիք հանդիսանալ ժողովրդավարական իրավունքների և ձեռնարկատիրության զարգացման համար: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունվել է երկրի արտահանման խթանմանն ուղղված նոր ռազմավարություն, որի նպատակն է ստեղծել նոր աշխատատեղեր և հաստատել պետություն-մասնավոր հատված համագործակ-ցություն: «Մեր առաջնահերթություններից է հանդիսանում գործարար միջավայրի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Այս նպատակին հասնելու հիմնական գործոնը հանդիսանում է մենաշնորհի վերացումը: Միևնույն ժամանակ, մրցակցությունը հնարավոր չէ ապահովել առանց հարկային և մաքսային բարեփոխումների: Մենք քաջ գիտակցում ենք, որ բարեփոխումների իրականացման ուշացումը հանգեցնում է մեր կառավարության նկատմամբ վստահության նվազման: Ես վստահ եմ, որ Եվրոպական Միության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը հնարավորություն կընձեռի համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այն մեզ հնարավորություն կընձեռի կառավարել ռիսկերը և ապահովել մակրոտնտեսական կայունություն»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Ընդհանրացնելով իր խոսքը` վարչապետն ասել է, որ մեր ներկայիս իրավիճակը պահանջում է արմատական փոփոխություններ և համարձակ նախաձեռնություններ: Տիգրան Սարգսյանի խոսքերով` ԵՄ-ն կարևոր դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում՝ տարածարշրջանում բարեփոխումների աջակցության հարցում ավելի ակտիվ ներգրավվածության միջոցով: «Հայաստանը դոնոր հանրության ֆինանսական և մտավոր աջակցության կարիքն ունի` մեր բարեփոխումների ներուժի և հռչակված արժեքների միջև առկա ճեղքը լրացնելու համար: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ արագացնելու բարեփոխումների գործընթացը: Այսպիսով, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Եվրոպական Միության հետ մեր հետագա ակտիվ և արդյունավետ համագործակցությանը»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև, վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

© Medialab.am