Պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչը մեղադրվում է խարդախության մեջ

Պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչը մեղադրվում է խարդախության մեջ
Պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչը մեղադրվում է խարդախության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Տ. Հակոբյանը քաղաքացի Լ. Կեսոյանից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Մասնավորապես` 2010թ. հոկտեմբերից մինչեւ 2011թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով ու պատրվակներով Տ. Հակոբյանն իր ծանոթ Լ. Կեսոյանից վերցրել է ընդհանուր 3 598 127 դրամ գումար ու իրեր, որոնք հետագայում չի վերադարձրել ու խարդախությամբ հափշտակել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

© Medialab.am