«Հարսնաքարի» շուրջ. Արամ Աբրահամյան

«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին: Աշխարհի ամենաբութ ոստիկանը, եթե նույնիսկ ոչ մի իրավաբանական, անգամ՝ ոչ մի բարձրագույն կրթություն չունի, պետք է որ հասկանա՝ եթե ծեծից տուժողը չի մահացել, դա մի հոդված է, իսկ եթե մահացել է՝ մեկ այլ հոդված: Ի՞նչ եք կարծում, որքան ժամանակ է պետք դա հասկանալու եւ գործը վերաորակելու համար: Մի քանի ժա՞մ, մի քանի օ՞ր: Ոչ, պարզվում է, հայ ոստիկանական քննիչներին տուժողի մահն արձանագրելու եւ քրեական գործին «նոր աչքով» նայելու համար պետք եղավ մեկ ամսից ավելի, որովհետեւ վերաորակման որոշումը կայացվել է հուլիսի 31-ին:

Չեմ բացառում, որ գործի բոլոր հանգամանքները մեզ՝ հասարակությանը, հայտնի չեն, եւ քննիչներն ունեին օբյեկտիվ պատճառներ՝ այդքան երկար մտածելու: Բայց այն բանից հետո, երբ եղան բազմաթիվ հրապարակումներ, ելույթներ, երբ հանդես եկան նաեւ տուժողների իրավահաջորդների փաստաբանները, ոստիկանությունը պարտավոր էր հանդես գալ պարզաբանումներով: Հակառակ դեպքում լռությունը միայն խորացնում է մեր կասկածները, որ իշխանությունը, հայտնի պատճառներով, ցանկանում է գործը, ինչպես ասում են, «ջրել», ինչի հետեւանքով այս մարդասպաններին սպասում է Կուկուի շատ թեթեւ պատիժը:

Մյուս խնդիրը, որը մտահոգում է ինձ, մեղադրանքի ձեւակերպումն է. «դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»: Ինձ թվում է, որ այստեղ «դիտավորությամբ» եւ «անզգուշությամբ» բառերն իրար հակասում են: Մարդը կարող է անզգուշությամբ հարդուկը միացրած թողնել, եւ դրանից հրդեհ բռնկվի, կարող է անզգույշ քշելով՝ հետիոտնին վրաերթի ենթարկել: Բայց եթե մարդկային կերպարանքով «ախրաննիկ» կոչվող երեւույթները որոշել են ծեծել ռեստորանի այցելուներին՝ ապացուցելու համար, թե ով է այդ «օբյեկտում» տերուտիրականը, ապա ինչպիսի՞ «անզգուշության» մասին կարող է լինել խոսքը: Գուցե նման մեղադրանքով անուղղակիորեն կոչ է արվում, որ «ախրաննիկներն» իրենց զոհի վրա զգուշորե՞ն հարձակվեն:

Եվ վերջապես, այս գործի հետ կապված մեկ այլ հանգամանքի մասին: Երեկ մեր թերթում հրապարակվել էր մի խումբ քաղաքացիների նամակը, որում նրանք կոչ են անում Ռուբեն Հայրապետյանին չհրաժարվել պատգամավորական մանդատից: Չգիտեմ, որոնք են նման առաջարկի իրական շարժառիթները, եւ արդյոք այդ մարդիկ իսկապե՞ս ուզում են ինչ-որ մեկի պատվերով «բազմաթիվ աշխատավորների խնդրանքի» պատրանք ստեղծել: Չեմ ուզում նամակագիրներին որակումներ տալ, բայց հույս ունեմ, որ պարոն Հայրապետյանը չի լսի այդ հորդորը եւ ետ չի կանգնի պատգամավորությունից հրաժարվելու իր որոշումից: Ավելին՝ կցանկանայի, որ նա խորհուրդ տար իր «դասակարգին» պատկանող պատգամավորներին՝ հետեւել իր օրինակին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ»