Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ քննվող գործից անջատված մասն ուղարկվել է դատարան

Հեղինակ MediaLab

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է այլ անձի անվամբ խարդախությամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին 35-ամյա տղամարդը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհու հետ և տեղեկանալով աշխատանքի ընդունվելու նրա մտադրության մասին՝ խոստացել է օժանդակել վերջինիս և իր մոտ աշխատանքի տեղավորել: Այնուհետև կնոջ վստահությունը ձեռք բերելով՝ նրա նույնականացման քարտի պատճեն վերցրել է և բանկից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր տրամադրության տակ առկա նույնականացման քարտի պատճեով հայաստանյան բանկերից մեկում, առցանց տարբերակով, վերջինիս անվամբ ձևակերպել վարկ է՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը բանկային քարտն ստացել է քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձի միջոցով և ինչպես տվյալ բանկին, այնպես էլ՝ այլ բանկին պատկանող բանկոմատներից կանխիկացման եղանակով խարդախությամբ հափշտակել խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումարը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով և 326-րդ հոդվածով (պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

ԾանուցումԵնթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղքանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգովդատարանիօրինականուժիմեջմտածդատավճռով: