«Սերժ Սարգսյանը վերջին հայտարարություններով փորձում է Եվրոպայի մոտ նոր իմիջ ձևավորել». քաղտեխնոլոգ

«Սերժ Սարգսյանը վերջին հայտարարություններով փորձում է Եվրոպայի մոտ նոր իմիջ ձևավորել». քաղտեխնոլոգ
«Սերժ Սարգսյանը վերջին հայտարարություններով փորձում է Եվրոպայի մոտ նոր իմիջ ձևավորել». քաղտեխնոլոգ

Սերժ Սարգսյանը վերջին հայտարարություններով փորձում է Եվրոպայի մոտ նոր իմիջ ձևավորել, քանի որ հետագա պաշտոնավարման համար այլ հնարավորություն չունի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

«Քանի որ նոյեմբերի 24-ին ստորագրվել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արդեն նկատելի է դառնում, որ Սերժ Սարգսյանը կամ իր շրջապատը փորձում է նրանից եվրոպացի նոր ոգի ունեցող քաղաքական գործչի կերպար ձևավորել: Սակայն դա չի հաջողում, հակառակ արդյունքն է տալիս»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն օրերս համայնքապետների հետ հանդիպմանը ամոթանք տվեց նրանց համայնքային գումարները տուն տանելու համար: «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար: Մենք շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել՝ եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Մինչ այդ էլ Հատուկ քննչական ծառայությունում Սերժ Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարի հանձնարարական էր տվել, նշելով, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է, այլ ճանապարհ չկա:

Ըստ Արմեն Բադալյանի՝ Սերժ Սարգսյանին իր շրջապատն է խորհուրդ տալիս նման ելույթներ ունենալ, որ այլևս չեն հանդուրժելու անարդարությունը, թալանը, ազնիվ ճանապարհով են գնում առաջ: Բայց Եվրոպայում ոչինչ չեն մոռանում:
«Այդ խորհուրդ տվողները հաշվի չեն առնում, որ մի մարդ, ով 10 տարի եղել է նախագահ, և նրա գործունեությունը բոլորին է ծանոթ, չի կարող մի քանի օրվա ընթացքում 180 աստիճանով հակադիր իմիջ ձևավորել: Դա հակառակ արդյունքն է տալիս, իսկ օրինակը` համայնքապետներին ուղղված նրա ելույթն էր: Նա իր ելույթում նշեց, որ նախկինում ինչ եղել է, այլևս չպետք է լինի, ամոթ է: Այսինքն՝ ստացվեց այնպես, որ նախկինում նա լավ էլ իմացել է կատարված հանցագործությունների մասին, բայց պատիժ չի եղել»,- նշում է Արմեն Բադալյանը:

Մասնագետի խոսքով՝ այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է Եվրոպայի համաձայնությունը ստանալ հետագա պաշտոնավարման համար: Ըստ նրա՝ քանի որ Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրով Հայաստանն արդեն առնչվում է Եվրամիության հետ, փորձում են ստեղծել մի կերպար, Եվրոպային ասելով, որ Սերժ Սարգսյան այն գործիչն է, որն ամբողջովին կարող է բավարարել եվրոպացիների ցանկությունը:

«Սակայն հաշվի չեն առնում մի պարզ բան. Եվրոպային այդ իմիջներով չես խաբի: Եվրոպայում շատ լավ գիտեն, թե ինչ է քաղաքական փիարը, կերպարի ձևավորումը, գերազանց գիտեն` ով է գործող նախագահը, ոչինչ չեն մոռացել: Եվրոպայում լավ գիտեն ոչ միայն արտաքին կողմը, այլ նաև այն օֆշորային պատմությունները, որոնց մասին մի քանի անգամ բարձրաձայնվել է, շատ լավ տեղյակ են Հայաստանում առկա մենաշնորհների, դատաիրավական համակարգի վիճակի մասին: Բայց քանի որ նախագահն ուրիշ հնարավորություններ չունի, փորձում է դա էլ օգտագործել»,- ասաց Բադալյանը:

Իսկ իրականում, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի այս հայտարարություններից հետո ոչինչ էլ չի փոխվի Հայաստանում: Եթե որևէ մեկն իրոք փոփոխություն է ուզում, նա դա անում է, ոչ թե խոսում: Բադալյանն ասում է, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկություն ուներ արդար տնտեսական համակարգ ստեղծելու, ապա մենաշնորհները կվերացվեին, դատաիրավական համակարգը չէր վերածվի խեղկատակության, ընտրությունները չէին կեղծվի, կապիտալը Հայաստանից դուրս չէր տարվի, արտագաղթն օրեցօր չէր ավելանա:

«Այսինքն՝ եթե մարդն ուզում է բարեփոխում անել, անում է, եթե չի ուզում, սկսում է տարբեր ելույթներ ունենալ, որպեսզի կոծկի բարեփոխումներ չիրականացնելու գործընթացը: Առավել ևս, այստեղ ներքին խնդիրներ կան, քանի որ բարեփոխումներ իրականացնել նշանակում է ոտնահարել իր շրջապատի շահերը: Չէ՞ որ իր շրջապատի մարդիկ են ներգրավված կոռուպցիայում, իսկ այդ բուրգը քանդելուց առաջ բուրգի անդամներն իրան կասեն՝ հլա մի հատ քեզ հայելու մեջ նայի»,- ասում է Արմեն Բադալյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am