«Սզնի» դեղագործական ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանը կարծում է, որ դեղերի ոլորտում կարգուկանոն հաստատելու համար առաջին հերթին պետք է պատժել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Lragir.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանի ղեկավարած «Նատալի ֆարմ» դեղագործական ընկերության հակամրցակցային գործունեության արդյունքում հսկայական վնասներ կրած Գառնիկ Սահակյանը նշեց. «Հանրապետության նախագահը խորհրդակցության ժամանակ ասաց` պետք է խոշորներին բռնել: Խոշոր եք ուզում, հիմա ես խոշորի տեղը ցույց եմ տալիս: Խոշորը դա Ազգային ժողովի պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, որը նաև Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Նրա «Նատալի ֆարմ»-ը պետությանն էդքան մեծ վնասներ է պատճառել, հիմա խնդրեմ, հսկայական գումարները հետ գանձեք բյուջե, Սամվել Ալեքսանյանին էլ պատգամավորական անձեռմխելիությունից զրկեք: Նրա` խորհրդարանում լինելը պետության համար մեծ չարիք է»:
Գառնիկ Սահակյանը հարցադրում է անում, թե ինչո՞ւ նախկին արտգործնախարարին անձեռմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց ԱԺ, իսկ պետբյուջեի փողերի լվացմամբ զբաղվող Սամվել Ալեքսանյանի նկատմամբ նույնը չեն կիրառում: Չէ՞ որ բուժհիմնարկների կողմից դեղերի պետական գնումների գործընթացում թույլ տված կոպիտ խախտումներին մասնակից է եղել նաև «Նատալի ֆարմ»-ը:
«Եթե հանրապետության նախագահը չի հովանավորում Սամվել Ալեքսանյանի գործունեությունը, ուրեմն թող նրա գործելաոճին արժանի գանհատական տան: Խոսքը միլիարդավոր գումարների փոշիացման մասին է: «Նատալի ֆարմ»-ին չտուգանեցին այն աստիճան, որ բյուջեին պատճառված վնասները փոխհատուցվեին»,- ասաց նա:



















