Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարի հետ

Հունիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։ Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով: Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարները նշեցին գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության, առողջապահական ոլորտները:

Նախարարներ Մնացականյանն ու Ցուլեան ընդգծեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության, ԵԱՏՄ, ՍԾՏՀ շրջանակներում: Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։