Մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում․ Ավինյան

Հեղինակ MediaLab

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Մասնավորապես որոշվել է.

✅Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

✅Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։

Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»: