Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական սերիալների անբաժան ուղեկիցը.նամակ հեռուստաընկերությանը

“Արմենիա” հեռուստաընկերության գլխավոր տնօրեն`Դ. Ավետիսյանին
Հարգելի պրն. Դ. Ավետիսյան
“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան սույն գրությամբ ցանկանում է իր լուրջ մտահոգությունն արտահայտել “Արմենիա” հեռուստաալիքով շրջանառվող հեռուստասերիալներից մեկի` “Դժվար ապրուստ”-ի հանդեպ: Քանի որ կոալիցիայի նպատակն է հետամուտ լինել կանանց հանդեպ բռնության դեպքերի նվազեցմանն ու բռնության մասին մտածողության և հասարակության իրազեկցավծության աստիճանի փոփոխությանը, կոալիցիան չի կարող անտարբեր մնալ կանանց հանդեպ բռնության վերաբերյալ նման քարոզչական նախաձեռնության նկատմամբ:

Չնայած նրան, որ վերը նշված հեռուստասերիալի սցենարի հեղինակ` Դիանա Գրիգորյանը իր հետ անցկացված հարցազրույցի ժամանակ պնդել է, որ հեռուստասերիալները չեն թողնում դաստիարակող ազդեցություն` վաղուց արդեն հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համարվում է նաև նոր սերնդին դաստիարակող գործոն: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավականին մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, յուրաքանչյուրիս պարտքն է հետևել, թե ինչպիսի մարդկային մոդելներ ենք մենք առաջարկում հանրությանն ու աճող սերնդին:

Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, իսկ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ:

Հաշվի առնելով վերոնշյալը` “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիան կոչ է անում լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր վերը նշված և բոլոր մնացած հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ, իսկ առկայության դեպքում դատապարտել բռնությունը ոչ միայն բարոյական այլ նաև օրենքի ուժով` նպաստելով կին-տղամարդ առողջ հարաբերությունների մոդելի ներկայացմանը:

Հարգանքներով`

“Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա”

Այս մասին առաջին բարձրաձայնողներից մեկը ամիսներ առաջ եղել է “Մեդիալաբը”:

“Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում” հոդվածը մեծ արձագանք ստացավ ընթերցողի եւ հասարակության տարբեր շերտերի կողմից:

© Medialab.am