Հեղաշրջման վտանգ կա երկրում, հետևաբար՝ Փաշինյանը չի գնում Ռուսաստան․ Արա Պապյան Factor.am

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած օրեր առաջ հաստատել էր իր մասնակցությունը Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին, այսօր Վլադիմիր Պուտինին հղած նամակում գրել է, որ չի կարողանա մասնակցել այդ միջոցառումներին։ «Գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը»,- հիմնավորել է վարչապետը։ Ըստ Ձեզ՝ կայի՞ն քաղաքական պատճառներ, որոնք չեղարկման պատճառ կարող էին դառնալ։

– Իհարկե, կորոնավիրուսի տարածման վտանգը բավականին մեծ է, բայց հաշվի առնելով, որ մեկ շաբաթ, տասը օր առաջ ևս փոքր չէր այդ վտանգը, կարծում եմ, որ կա քաղաքական պատճառ։ Բառացիորեն այսօր մի քննարկման ժամանակ մտահոգություն էի հայտնել, որ այս վիճակում թողնել երկիրն ու գնալ Մոսկվա, որտեղ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա իր այցը, սխալ է։ Իրենք պարզապես կարող էին և առնվազն մի քանի ժամով մեկուսացնել, նա հայտնվեր մի իրավիճակում, որ կապի միջոց չունենար, ինչը կլիներ հրահանգ Հայաստանում որոշակի գործողությունների։ Կարծում եմ՝ ճիշտ է արել, որ չի գնում, քանի որ երկրում ստեղծված է հեղաշրջման վտանգ և այն իրավիճակը, որ, ցավոք, մեր երկրում ամեն ինչ մի անձից է կախված, և դա վարչապետն է, նրա ներկայությունը պետք է, որովհետև վարչապետի բացակայությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

– Դուք հեղաշրջման վտանգի մասին խոսեցիք, մենք գիտենք, որ Հայաստանում պրոռուսական ուժերի համախմբում է գնում, և դրանք հիմնականում ընդդիմադիր դաշտն են զբաղեցնում և Փաշինյանի հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Սա ինչքանո՞վ կարևոր իրադարձություն կամ գործոն է, որովհետև Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցն է այս պահին կարևորներից մեկը, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն է ազատվում կալանքից, որը ևս ռուսական հետաքրքրությունների տիրույթի գործիչ է։

– Որ նշում էի վտանգավոր գործոններ, նաև այդ երկուսին նկատի ունեի, որովհետև ակնհայտ է, որ Ծառուկյանն իր սեփական կամքով նման գործողությունների չէր գնա։ Ինքը ոնց որ այս երկու տարին խելոք նստած էր, էլի էր նստելու տեղը։ Այն, որ անցավ հարձակման իշխանության դեմ և սկսեց իշխանությանը մեղադրել ճիշտ ու սխալ բաների մեջ, նշանակում է՝ իրենից ավելի ուժեղ և թափով ուժ նրան հրահանգ է տվել։ Ծառուկյանն այն գործիչը չի, որ սեփական կամքով մտածի սեփական հայրենիքի մասին։ Նա շատ լավ էլ այդ հայրենիքը թալանել է, թալանելու է, եթե հնարավորություն ունենա։ Այստեղից հետևություն՝ այն ուժերը, որ հեղաշրջում էին նախապատրաստում, այսօր դեռ պատրաստում են, ինչի մասին ես ամիսներ առաջ էի ասել։ Բնականաբար, նաև Քոչարյանին բաց թողնելը վտանգավոր գործոն էր։ Հետևաբար, այսօր գնում է ռուսական ամբողջ ռեսուրսների օգտագործումը։ Ծառուկյանն ու Քոչարյանը Ռուսաստանի ամենավերջին հույսերն են։ Իրենք, ամենայն հավանականությամբ, չեն հաջողելու, Ռուսաստանը ստիպված հաշտվելու է այն մտքի հետ, որ Հայաստանի ժողովուրդը, թեկուզ և փողոցի միջոցով, ընդունակ է իշխանություն փոխել, ինչը Պուտինի համար սկզբունքորեն անընդունելի է, բայց կհաշտվի դրա հետ, եթե մենք կարողանանք հաջողությամբ հեղաշրջումը կանխել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում