Բիոզուգարանների անզուգական բարոյականությունը

Բիոզուգարանների անզուգական բարոյականությունը
Բիոզուգարանների անզուգական բարոյականությունը

Հանրային ուշադրության կենտրոնում հայտնվել է 2012-ին արված մի կառավարական գնում, որը պատկառելի է արժեքի եւ բովանդակության իր համադրությամբ: Կառավարությունը 2 բիոզուգարանի համար վճարել է 125 միլիոն դրամ կամ մոտ 340 հազար դոլար: Երկու բիոզուգարան, որոնցից մեկը Տաթեւի ճոպանուղու մոտ է տեղադրվելու, մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու:

Զուգարաններն այդքան թանկ են երեւի թե այն պատճառով, որ ոչ այնքան բիո են, այլ ըստ տեղակայման վայրերի՝ ամենայն հավանականությամբ սուրբիո զուգարաններ են:

Կենտրոն հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել 2012 թվականի այդ ձեռքբերման համար: Ձեռքբերումն իհարկե մեղմ ասված է: Դա կարելի է համարել նվաճում, որովհետեւ աշխարհում երեւի թե եզակի երկրների կառավարություններ իրենց թույլ կտան աղքատության 35 տոկոսի պայմաններում ձեռք բերել 340 հազար դոլարանոց բիոզուգարաններ:

Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնի ռեպորտաժի հեղինակների հարցմանն ի պատասխան՝ բացատրել գնման տրամաբանությունն ու անհրաժեշտությունը, ասել էր, թե այդ կապակցությամբ ավելին ասելու բան չունի: Թե ինչ է ասել մինչ այդ, պարզ չէ:

Բայց մի բան թերեւս պարզ է՝ երբ երկրում կա պաշտոնապես աղքատ 35 տոկոս բնակչություն, եթե կան երեխաներ, որոնք մահացու հիվանդ են եւ նրանց ծնողները հանգանակություն են հավաքում բուժման համար, երբ կան թերսնվող երեխաներ, երբ կան երեխաներ, որոնք հագուստ ու կոշիկ չունեն դպրոց գնալու համար, երբ կան երեխաներ, որոնք տարրական մանկական պայմանների կարոտ են եւ ապրում են գրեթե գոմերին հավասարազոր պայմաններում, երբ կան ծերեր, որոնք աղբամանների շնորհիվ են իրենց գոյությունն ապահովում, առնվազն անբարոյականություն է կառավարական մակարդակով 340 հազար դոլարի երկու զուգարան գնելը:

Ընդ որում, բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ փողով է դա գնվել, որովհետեւ երկու բիոզուգարանի փոխարեն, այդ փողը պետք է ուղղել մանուկներին կամ ծերերին, որովհետեւ Հայաստանի ապագան փրկված թեկուզ մեկ մանկությունն է, ոչ թե նույնիսկ 100 բիոզուգարանը:

Այդ կապակցությամբ, էկոնոմիկայի նախարարությունը, կառավարությունը, կամ բյուջեի միջոցները խնայեու համար ատկատների դեմ պայքար հայտարարող նախագահն ունեն հասարակությանը ասելու մի բան՝ ներողություն:

Բայց նրանք երեւի թե կփորձեն այլ բաներ էլ ասել: Օրինակ ասել, թե ոչ մեկի մտքով թող չանցնի, որ աղքատների ու ծանր պայմաններում ապրող մանուկների մասին իրենք ավելի քիչ են մտածում, քան քննադատող հանրույթը:

Միգուցե: Որեւէ մեկը չի չափում նրանց հոգատարության եւ մարդասիրության աստիճանը: Չափվում է կոնկրետ արված գործը եւ դրա համադրությունը երկրում առկա վիճակին: Հազիվ թե որեւէ մի պաշտոնյա կարողանա տրամաբանորեն բացատրել, որ երկու բիոզուգարանը Հայաստանի համար ստրատեգիական նշանակության ձեռքբերում է:

Մինչդեռ 125 միլիոն դրամով հնարավոր կլիներ ստրատեգիական նշանակության որեւէ հարց լուծել, օրինակ ձեւավորելով մի որեւէ հիմնադրամ, որը կարող էր որեւէ կերպ օժանդակել կարիքավոր մանուկներին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Lragir.am