ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին` Սթիվեն Բայերի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին` Հայաստանի միջազգային ահազանգին սեղմ ժամկետում արձագանքելու ու գործնական քայլեր ձեռնարկելու համար:
«Մենք հասկանում ենք, որ շատ երկրներ են գտնվում նույն իրավիճակում և այսօրինակ համերաշխության դրսևորումը շատ հաճելի է: Շնորհակալ ենք ու գնահատում ենք Ձեր բժիշկների պատրաստակամությունը Հայաստան գալու և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցում իրենց ջանքերը ներդնելու, ժամանակն ու փորձը մեզ հետ կիսելու համար: Այս մարտահրավերն ազգություն և սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս պետք է միավորված լինենք այն հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու համար»,- ասել է նախարարի առաջին տեղակալը:
Այնուհետև Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով Հայաստանում առկա իրավիճակը, բուժման մոտեցումները և այլ մանրամասներ:
Սթիվեն Բայերը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հյուրընկալության և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին այցը կազմակերպելու հարցում աջակցելու համար և շեշտել, որ Հայաստանում գտնվելն իրենց համար մեծ պատիվ է: Նա ասել է, որ Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարման փուլում է և իրավիճակը հսկողության տակ է, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի 16 հոգուց բաղկացած իրենց թիմը գա Հայաստան և աջակցի համավարակի դեմ պայքարում: Նա հավելել է, որ նախատեսում են Հայաստանի գործընկերների համար անցկացնել նաև թրեյնինգներ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, այդ թվում հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կազմակերպելու առումով: Կողմերը պայմանավորվել են կրկին հանդիպել` ներգրավելով նաև Իտալիայից Հայաստան ժամանած մասնագետներին, կիսվելու փորձով ու խորհուրդներով:
Նշենք, որ բժշկական թիմը Հայաստանում գործունեություն է ծավալելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններում և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում` 10 օր տևողությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։