Եկեք չմոռանանք, որ երկրի ղեկավարի գործառույթները շատ են տարբերվում ընդդիմադիրի, լրագրող-հրապարակախոսի գործառույթներից․ Պատգամավորը՝ Լուկաշենկոյին շնորհավորելու մասին

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալ․ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքի շուրջ քննադատություններին․

Երեկվանից կարդում եմ ընկերներիս վրդովված արձագանքները հայտնի շնորհավորանքի վերաբերյալ։ Հոգեբանորեն միանգամայն հասկանալի են այդ արձագանքները։ Ասեմ ավելին, ուրախ եմ, որ մեր երկրում շատ են մարդիկ, ովքեր այդպիսի խիստ արձագանք են տալիս ցակնացած հարցի, որը կապված է մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Սա գրավական է, որ մեզ մոտ այլևս երբեք չի կրկնվի, այն ինչ տեղի էր ունենում տասնամյակներով։ Էլ չեմ ասում, որ Բելառուսը ինձ համար օտար երկիր չէ, Մինսկում շատ եմ եղել, շատ եմ սիրում այդ քաղաքը, ունեմ բելառուս ընկերներ, և շատ եմ անհանգստանում նրանց համար։
Բայց․․․

Ժողովուրդ ջան, եկեք չմոռանանք, որ երկրի ղեկավարն ունի գործառույթներ, որոնք շատ են տարբերվում ընդդիմադիր քաղաքական գործչի, լրագրող-հրապարակախոսի, քաղաքագետ-վերլուծաբանի, իրավապաշտպանի, ակտիվիստի գործառույթներից։ Երկրի ղեկավարը, երբ խոսքը գնում է արտաքին հարաբերությունների մասին, պետք է առաջին հերթին առաջնորդվի իր երկրի շահերով, և մնացած ամեն ինչն այդ դեպքում դառնում է երկրորդական։ Առանց այդ թեմայի մեջ շատ խորանալու, առաջարկում եմ այսպիսի մի մտավարժանք․ մտածեք այն մասին, թե ինչպես կընկալվեր շնորհավորանքի բացակայությունը այն պայմաններում, երբ ձեր երկրի դաշնակիցները արդեն շնորհավորել են, և ինչ կանեիք այդ պահին դուք, եթե լինեիք ՀՀ վարչապետ։

Եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը Լեվ Դավիդովիչ Տռոցկին չէ։ Ի հեճուկս նրան, թե ինչ են մեր մասին ասում նախկին իշխանավորները և նրանց կողմից կաշառված օտարերկրյա լրատվամիջոցները, մենք երբեք հեղափոխության էքսպորտի խնդիր չենք ունեցել և չենք կարող ունենալ։ Մեր առջև դրված է Հայաստանը ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ երկիր դարձնելու խնդիրը։ Եվ այդ նպատակի իրականացման կարևորագույն բաղադրիչն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մեր երկրի անվտանգության ապահովումը։ Եթե այդ ոլորտում տապալվենք, մննացածի մասին կարելի է մոռանալ։ Եվ ուրեմն, եկեք հասկանանք, որ անկախ նրանից, թե մենք ինչ կարծիք ունենք այս կամ այն երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների մասին, առաջին հերթին պետք է ղեկավարվենք մեր երկրի շահերով։

Եվ մի բան էլ ասեմ։ Համաշխարհային և տարածաշրջանային ժողովրդավարության առաջընթացին մենք կարող ենք նպաստել հենց նրանով, որ մեզ հաջողվի կառուցել ազատ և բարեկեցիկ երկիր։ Այդ դեպքում մենք կդառնանք դրական օրինակ մեր տարածաշրջանի (և ոչ միայն մեր տարածաշրջանի) բոլոր ժողովուրդների համար։ Իսկ եթե այդ նպատակի իրականացումը տապալենք, այդ թվում, օրինակ, դիվանագիտական կոպիտ սխալների պատճառով, ապա նաև որևէ ներդրում չենք կարողանա ունենալ գլոբալ ժողովրդավարացման գործում։

Շնորհակալություն ուշադրության համար։
ՀԳ․ Եթե այսքանը կարդացել եք ու մինչև այստեղ հասել եք, ապրե՛ք, նույնիսկ կարող եք քոմենթներում ինձ մեղադրել, որ աթոռն ինձ փոխել է, և ես դավաճանել եմ իմ սկզբունքներին, ես չեմ նեղանա։

Երեկվանից կարդում եմ ընկերներիս վրդովված արձագանքները հայտնի շնորհավորանքի վերաբերյալ։ Հոգեբանորեն միանգամայն հասկանալի…

Posted by Mikael Zolyan on Tuesday, August 11, 2020