Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առթիվ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդն արդեն 29 տարի ապրում է դարերով փափագած և ի վերջո վաստակած անկախ հայրենիքում։

Մարտահրավերներն ու դժվարությունները շատ են, հաճախ հիասթափեցնող, բայց հայ մարդու կամքն անսասան է՝ ունենալու հզոր Հայաստան՝ ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետություն։Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։

Դեպի այդ հանգրվանը տանող ճանապարհը մեր ուսուցիչն է լինելու՝ ինքներս մեզանից կերտելու համար առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, մաղթում բոլորիս նոր կորով և ուժ հզոր պետականություն կառուցելու գործում»։