Հայտնի են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները

Հայտնի  են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները
Հայտնի են դարձել «Beeline Scholarship» ծրագրի հաղթողները

Հայտնի են դարձել այն ուսանողներն, ովքեր հաղթող են ճանաչվել «Beeline Scholarship» ծրագրի շրջանակում՝ արժանանալով «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող կրթաթոշակներին։  ԿԳ նախարարության ներկայացուցիչների ու անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը ծրագրի երկրորդ փուլում հարցազրույցների ընթացքում 178 ուսանողից ընտրել է  95 հաղթող: 

Առավելագույն թվով կրթաթոշակների արժանացել են Երևանի պետական համալսարանի ուսանողները: Ընդհանուր առմամբ, նրանք կազմում էին հաղթողների 30%, որոնց հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս համալսարանից կրթաթոշակ կստանա ծրագրի շրջանակում հաղթող ճանաչված ուսանողների 12.5%: Ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:

Կրթաթոշակների համար պայքարում էին նաև մարզերում գործող համալսարանների ուսանողները: Այստեղ առաջատարն էր Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, որտեղից երեք ուսանող կստանա կրթաթոշակ:

Հաղթող մասնակիցների շրջանում տոկոսային հարաբերությամբ գերիշխում են աղջիկները` կազմելով  կրթաթոշակին արժանացած ուսանողների 70%–ը։

«Beeline Scholarship» ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ երիտասարդները տաղանդաշատ են և խելացի։ Վստահ եմ, որ նրանց լավ ապագա է սպասվում, քանի որ այս երիտասարդներն իրենց ստեղծարար և նորարար մտածողությամբ հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին և ապացուցեցին, որ կարողանում եմ քայլել ժամանակակից աշխարհի պահանջներին ընդառաջ։ «ԱրմենՏել» ընկերության  աջակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերը հետապնդում են մեկ հիմնական նպատակ՝ դարձնել մարդկանց կյանքն ավելի լավ, և այս ծրագիրը համարում եմ այդ նպատակին հասնելու լավագույն դրսևորումներից մեկը»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեզ համար ուրախալի էր տեսնել, թե որքան հետաքրքրական ու նորարար են ուսանողների առաջարկները: Հանձնաժողովը մի քանի  օր շարունակ լսում էր ուսանողներին և ընտրել է լավագույններին: Հուսով եմ, նրանք կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարները»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Նշենք, որ «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին: «Beeline Scholarship» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել 568 ուսանող:

Կրթաթոշակից բացի, հաղթող ուսանողների շրջանակում Բրիտանական խորհուրդը կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում հաղթող ուսանողներից  մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ Թագավորություն և մասնակցելու դասընթացի։

Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am