Ալիևը ժամը մեկ մի տարածք գրավելու մասին է «ավետում» սեփական ժողովրդին, նախապատվությունը տալիս է սեփական ժողովրդի ականջին «լապշա կախելու» տարբերակին. Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

Ալիևը ժամը մեկ մի տարածք գրավելու մասին է «ավետում» սեփական ժողովրդին:Երևում է, գոնե այս պահին, նախապատվությունը տալիս է, ինչպես նշել էի նախորդ գրառմանս մեջ, սեփական ժողովրդի ականջին «լապշա կախելու» տարբերակին:

Նպատակը շատ պարզ է.

1. Լեգենդահյուսությամբ փորձել կանգնեցնել Արցախի պաշտպանության բանակից ստացող ստրատեգիական շատ ցավոտ հարվածներից առաջած և ակնհայտորեն խորացող հասարակական խուճապն ու անհանգստությունը՝ պարտության №1 գրավականը:

2. Կանխել սեփական բանակի վերաբերյալ տասնամյակներով կառուցված անհաղթելիության միֆի ողբերգական փլուզումը հանրային ընկալումներում, որն ուղղակիորեն հղի է սեական բանակի նկատմամբ հանրության բացարձակ անվստահության առաջացմամբ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ պարտության №2 գրավականը:

3. Շահել ժամանակ՝ առաջապահ ուժերին վերախմբավորվելու և նոր մասշտաբային հարձակման նախապատրաստության համար: Որովհետև Ալիևը շատ լավ հասկանում է, որ ստի նարկոտիկը չի կարող երկար ազդեցության էֆեկտ ունենալ և շուտով կոնկրետ ապացույցներ են իրենից ուզելու: Դրանք չներկայացնելու դեպքում հետևանքները լինելու են, գուցե, անդառնալի: Այս հանգամանքը ստիպում է մեզ լինելու չափազանց զգոն և պատրաստ:

4.Փորձել ստեղծել պատերազմի տևականության էֆեկտ:

Չի բացառվում, իհարկե, որ գործ ունենք մեկ այլ միանգամայն իրատեսական իրավիճակի հետ. երբ Ադրբեջանի բանակի հրամանատարական շտաբն է իր գերագույն գլխավոր հրամարատարին դեզինֆորմացնում, նրա գլխի տակ փափուկ բարձ դնում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես դուրս գալ այն կեղտից ու կլանող ճահճից, որում իրենք իրենց գցել են այս ընդհանուր արկածախնդրությունը ձեռնարկելիս, կամ պարզապես այլ կերպ չկարողանալով արդարացնել իրենց ձախողումները: Բայց այս աչքակապոցին էլ երկար շարունակվել չի կարող: