ԱԳ նախարարը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել․ Տեսանյութ

Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել  ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա են եղել նաեւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները: Այս մասին տեղեկացնում են ԱԳ նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների եւ ընդհանուր արժեհամակարգի վրա:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը եւ դրա հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Նախարար Այվազյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձեւը՝ որպես կարեւոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում։

Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր է գնահատել պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի եւ ֆրանսիական ժողովրդի համերաշխությունն Արցախին եւ հայ ժողովրդին:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարար Այվազյանն ընդգծել է տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումը, արցախահայության իրավունքների եւ շահերի վերականգնումը եւ պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվել է նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը: