Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության արդյունավետ հարթակի։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ նախարար Այվազյանն իր գործընկերոջը համապարփակ ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ ագրեսիան և դրա հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: