Փոշի, թափառող կենդանիներ, ճանճեր, մոծակներ, ամռանն էլ թունավորումներ. Հայտարարված պայքար՝ անհաղթահարելի խնդրի դեմ

Street trade

Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի դեպքում, արևի ուղիղ ճառագայթների ներքո փողոցում դրված սննդամթերքը վտանգ է ներկայացնում գնորդի առողջության համար՝ բացատրում է սննդաբան Դավիթ Պիպոյանը։

«Մեդիալաբի» հետ զրույցում նա նշում է, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում միկրոօրգանիզմները բազմանում են և, բնակաբանար, մարդկանց թունավորման պատճառ կարող են լինել:

«Փողոցի առևտուրն ինքնին վտանգավոր երևույթ է՝ անկախ նրանից, ամռան ամիս է, թե ձմռան։ Մենք գործ ունենք առողջության հետ, թեկուզ միայն մեխանիկական աղտոտվածություն, մեքենաներ, փոշի, թափառող կենդանիներ, բայց ամռան ընթացքում այս բոլոր խնդիրներին ավելանում են նաև բարձր ջերմաստիճանը, արևի ուղիղ ճառագայթները, վնասատուները, մոծակները, ճանճերը, բոլորը, գիտեք, առկա են»։

Երևանի կենտրոնական և ծայրամասային փողոցներում բացօթյա ապօրինի առևտուրը վերջին շրջանում կրկին ակտիվացել է։ Փողոցում գետնին դրված վաճառվում է ամենատարբեր սննդամթերք՝ բուսական և կենդանական ծագման։

Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ապօրինի բացօթյա առևտուր անող միջին տարիքի վաճառողուհին «Մեդիալաբին» ասում է, որ վաճառվող ապրանքը ոչ մի վտանգ չի ներկայացնում․ «Ոչ մի վնաս էլ չկա, սենց ավելի լավ ա, մաքուր օդի ա»։

Բացօթյա ապօրինի առևտրի զգալի աշխուժացում նկատվեց պատերազմի և հետպատերազմյան շրջանում՝ ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ անբարեխիղճ տնտեսվարողներն օգտվեցին այն հանգամանքից, որ վերահսկող մարմիններն իրենց ուժերն ու միջոցներն ուղղել էին պատերազմական շրջանի իրադրությունները մեղմելուն:

«Ծաղկեցին ապօրինի առևտուրը, ապօրինի շինարարությունը։ Ոստիկանությունը ծանրաբեռնված էր տարբեր ներքին հոգսերով, հետո՝ ընտրություներով, ուղղակի կան մարդիկ, անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք առիթից օգտվում են»,- ասում է Սաֆարյանը։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության տրամադրած տվյալներով՝ 2021 թ. ընթացքում՝ հունվար-հունիս ժամանակահատվածում, ապօրինի բացօթյա առևտրի կազմակերպման 503 իրավախախտման արձանագրություն է կազմվել։ 

Ապօրինի բացօթյա առևտուր իրականացնելով՝ տնտեսվարողները, սանիտարահիգենիկ պայմանները խախտելով, ոչ միայն կարող են սպառողների առողջությանը վնաս հասցնել, այլև անհավասար պայմաններ ստեղծել բարեխիղճ տնտեսվարողների համար։

«Ենթագիտակցորեն Սովետից մնացել է, որ շուկայում չի, փողոցում է, ուրեմն էժան է, եթե ոտի տակ է, հարմար է, ինչի՞ գնան շուկա, սպառումը ավելի լավ է լինում: Նույնիսկ կայացած խանութների դիմաց են դնում, խանութատերը վարձ է մուծում, ՀԴՄ խփում, հարկային պարտավորություններ կատարում, կոմունալ ծախսեր անում, էս մարդը ոչ մի բան չի անում, փողոցում մի երկու արկղ դնում, նստում, դեմը վաճառում։

Այսինքն՝ անհավասար մրցակցություն է ստեղծվում, մարդիկ էլ տեսնում են, ասում են՝ փաստորեն ապօրինի աշխատելն ավելի լավ է, քան օրինականը, իսկ դա անարդարություն է ստեղծում, էլ չասեմ սանիտարական վիճակը»,- ասում է Սաֆարյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ ապօրինի առևտրի դեմ պայքարում ներկա օրենսդրությունը բացեր ունի և թույլ չի տալիս արդյունավետ պայքար մղել խնդրի վերացման համար։
 

Քաղաքապետարանը փոփոխությունների լայն փաթեթ է մշակել և ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ու սպասում է օրենքի հաստատմանը, որպեսզի ավելի արդյունավետ գործիքակազմի օգտագործմամբ պայքար մղի ապօրինի առևտրի դեմ։

«Եթե օրենքն ընդունվի, արդեն ապրանքի տեսակը չենք տարանջատելու, ցանկացած ապրանք, որ կլինի ոչ սահմանված տեղում և առևտուր կիրականացվի, նույն մոտեցումը կստանա։ Օրինակ՝ եթե ապրանքը բուսական ծագման է, առաջին անգամ տուգանքը ոչ թե 15․000 դրամ կլինի, այլ բոլորը 50․000-70․000 դրամ, հետո կրկնելիությունը խիստ կլինի։

Ներկա օրենքի պարագայում մենք կարող ենք հազարավոր իրավախախտումների արձանագրություններ կազմել, տուգանքի որոշումներ գրել, բայց չկատարվեն, գնա հարկադիր ծառայություն, հարկադիրը պարզի, որ անվճարունակ են»,- ասում է Սաֆարյանը։

Սննդաբան Դավիթ Պիպոյանը բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարում հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը ևս կարևոր է համարում։

«Բազմիցս, տարիներ շարունակ այս խնդիրը քննարկվում է, այն ունի երկու կողմ, կողմերից մեկը, իհարկե, պետական վերահսկողությունն է, երկրորդ կողմն էլ հնարավոր չի իրականացնել, փողոցից վտարում են՝ մտնում են շենքերի բակեր, իրենց ապրանքը իրացնում։ Սա նշանակում է, որ հանրային իրազեկումը պետք է անել այն մակարդակով, որ սպառողներն իրենք հրաժարվեն այս մթերքներից օգտվելուց»,- ընդգծում է Պիպոյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am