«Եթե ինքնամաքրմանը հավատում ենք, Մանվելին ու Շմայսին էլ հավատայինք, ինչո՞ւ հանեցինք շպրտեցինք Ազգային ժողովից». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)։

– Պարո՛ն Դանիելյան, դատավորների նկատմամբ վեթինգ կիրառելու որոշում է կայացվել, ի՞նչ եք կարծում, դրա կարիքը կա՞։

– Դա ամենասկզբում պետք է արվեր, արդեն ուշացրել ենք, բայց լավ է ուշ, քան երբեք։ Դա այն ժամանակ պետք է արվեր, երբ Ազգային ժողովը փոխվեց ու դարձավ հեղափոխական, նույնկերպ պետք է դատական համակարգը այդպիսին դառնար։ Այս մեկ տարվա ընթացքում մենք կամաց-կամաց կկարողանայինք փոխել դատավորներին, իհարկե, որոշ օրենքներ փոխելուն զուգահեռ։

Մենք չենք կարող արտերկրից դատավոր բերել կամ մի ջահել ուսանողի նշանակել դատավոր, ինչպես ԱԺ պատգամավորների դեպքում է։ Ցավոք, այդպիսի օրենքներ չկան, դատավորները պետք է այդ համակարգում անպայման աշխատանքային փորձ ունենան։ Իսկ իրենց փորձը ո՞րն է, կոռուպցիայի փորձն է։ Դա հատուկ վերարտադրվելու համար է արվել։

Այդ բոլոր օրենքները պետք է փոխել, կամաց-կամաց գնալ առաջ։ Բայց, դե, իշխանությունը քնեց, հիմա զարթնել է, ուզում է արագ-արագ ինչ-որ բան շտկել։ Աստված տա հաջողվի։

– Այսինքն՝ արագ բարեփոխումների մեջ ռիսկե՞ր եք տեսնում։

– Իհարկե տեսնում եմ։ Նորից եմ ասում՝ դատական համակարգը Ազգային ժողով չէ, որ փոխես ու միանգամից նոր դեպուտատներ լցնես, և 10 հոգուց մեկը խելոք մարդ եղավ, էլի բոլ է։ Այստեղ այդպես չէ, դատավորը մի եքա գիտություն է, մասնագիտական լուրջ հմտություններ պետք է ունենա։

Դա բժշկի մասնագիտության պես է, չես կարող միանգամից բոլոր բժիշկներին փոխել։ Եթե ԱԺ պատգամավորի դեպքում դա հնարավոր է, որովհետև բոլոր շերտերից պետք է լինեն պատգամավորներ, ապա դատավորի դեպքում դա շատ նեղ մասնագիտական ու լուրջ գործ է։

Այս մեկ տարվա ընթացքում այս գելերին, որոնք 30 տարի անգիր գիտեն, թե ոնց գողանան, կաշառք վերցնեն, պետք է կամաց-կամաց փոխելով գնային։ Իսկ հիմա այս վեթինգով պարզ է, որ հինգ հոգի մարդ է մնալու, ովքեր մարդակեր չեն։

Եվ կարող է դատական համակարգը հայտնվել կոլապսի մեջ։ Բայց, իհարկե, դա պետք է արվի։ Թե ո՛նց կարվի, ես կարծում եմ՝ գոնե այս հարցում իշխանությունը և հենց Փաշինյանը մեր երիտասարդ, խելացի, արտասահմանում ուսում ստացած գրագետ իրավաբանների կարծիքը հաշվի կառնեն։ Իր կողքին ես առանձնապես խելոք իրավաբաններ չեմ տեսնում։ Գուցե կան, բայց ես չեմ տեսնում, բայց եթե լավը լինեին, մինչև հիմա մի բան կլիներ։

– Գուցե հույս ունեին, որ մեկ տարվա ընթացքում համակարգը կինքնամաքրվեր, դրա համար էին սպասում։ Ընդհանրապես, հավատա՞նք ինքնամաքրմանը, թե՞ կոշտ վիրահատական մեթոդներ պետք է գործի դրվեն։

– Եթե ինքնամաքրմանը հավատում ենք, Մանվելին ու Շմայսին էլ հավատայինք, ինչո՞ւ հանեցինք շպրտեցինք Ազգային ժողովից։ Մանվելը տուշոնկեն կբերեր, Շմայսը զենքերը կհանձներ, բոլորը կինքնամաքրվեին։ Ինքնամաքրվելը ո՞րն է, հո օվկիանոս չէ, որ ինքնամաքրվի։ Դա ոչ հեռատես քաղաքականություն էր։ Հիմա արդարանալու առիթ է, ասում են՝ մենք սպասում էինք, որ ինքնուրույն կուղղվեին։ Յա, մենք սպասում էինք, որ տանձը կդառնար խնձոր, չի՛ լինում ըտենց։

– Վարչապետը կոչ արեց, ասաց՝ թող ոչ բարեխիղճ դատավորները դիմում գրեն ու հեռանան։ Մենք կարծեք չենք տեսնում դատավորների դիմումներ, ինքնակամ չե՞ն ուզում հեռանալ։

– Գագիկ Հարությունյանը հեռացավ, մնացածներն էլ ճնշումների կենթարկվեն, կամ էլ վեթինգ կանեն, խայտառակ կանեն, կսկսեն հեռանալ։ Բայց դա էլ շատ երկար ու ցավոտ պրոցես է։ Իսկ երկիրը կանգնած է, մենք լուծելու շատ խնդիրներ ունենք։ Իսկ եթե այս մեկ տարվա ընթացքում ամեն դատարանից 5-ական դատավորի վեթինգ ա, թե պեթինգ ա, անեին, այդ դեպքում այսօր գոնե մի 100 դատավոր փոխած կլինեին։

– Արդարադատության նախարարն ասաց, որ չեն բացառում, որ վեթինգի արդյունքում ունեզրկման դեպքեր կլինեն։ Դուք կո՞ղմ եք, որպեսզի ոմանց ունեզրկեն։

– Ես կողմ եմ, որ որոշ պաշտոնյաներ էլ ունեզրկվեն։ Ամենասկզբում Փաշինյանն ասաց, որ սեփականության վերաբաշխում չի լինելու։ Դա չեղավ հեղափոխություն, դա եղավ ուղղակի իշխանափոխություն։

Եթե հեղափոխություն է, ո՞նց կարող է սեփականության վերաբաշխում չլինել։ Եթե մի մարդ, ստանալով 300 հազար դրամ, ունի 10 մլն դոլարանոց ապրանք, բա մի հատ չիմանա՞նք՝ էդ որտեղից։ Այստեղ փողերը հետ բերելու մասին չէ։ Արդյունավետ աշխատելու դեպքում այդ փողերը կարելի է 5 տարում աշխատել։

Դա հանք չէ, որ փորես, փողը տանես լցնես բյուջե։ Լավ, թող քարը տրաքի, սաղին կոտորեցիր, փողը վերցրիր, կազմեց 3 մլրդ դոլար։ Հետո՞, ինչ պետք է անես, եթե երկիրդ կանգնած է, եթե արդյունավետ չի աշխատում։

– Այսինքն՝ հեղափոխությունից մեկ տարի անց դուք արձանագրում եք, որ երկիրը կանգնա՞ծ է։

– Ես արդյունավետության առումով թերություն եմ նկատում։ Այն, որ գող չեն, ավազակ չեն, դա ակնհայտ է և շատ լավ է։ Նախորդ իշխանությունը արդյունավետ գողանում ու թալանում էր երկիրը, ինքը՝ որպես իշխանություն, շատ արդյունավետ էր։ Նրանց գրած բոլոր բյուջեները իրենց բիզնես-պլաններն էին, բանակը իրենց դաչաները սարքելու համար բանվորական ուժ էր, միլիցեն իրենց վերարտադրվելու համար էր։

Մի հատ զզվելի ու այլանդակ իշխանություն էր, որն ինքն իր համար արդյունավետ աշխատում էր ու գող էր։ Սրանք գող չեն, բայց որպես իշխանություն՝ ո՛չ իրենց համար են կարողանում աշխատել, ո՛չ ժողովրդի։ Այսպես երկար չի կարող շարունակվել, պետք է նոր մարդիկ գան պաշտոնների, պրոֆեսիոնալ մարդիկ։ Ղեկավարությունը պետք է հասկանա, որ իրեն շրջապատել է ոչ արդյունավետ աշխատող, բայց շատ ազնիվ մարդկանցով, և պետք է վերանայի կադրերի հարցը։

Դա ի վերջո նորմալ պրոցես է։ Վրաստանում Սաակաշվիլին երևի մի 20 անգամ փոխեց իր կաբինետը և իր շրջապատից մի ահագին մարդ բանտ կոխեց։ Ես չեմ համարում, որ մենք տակ ենք տվել, կործանվեցինք, ո՛չ, բայց առաջին փուլն անցել ենք բավական ցավոտ, և հիմա պետք է ավելի արդյունավետ աշխատեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am