Նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ

Նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ
Նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ

ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարության հանդեպ վստահություն չեն տածում և ներկայացված ծրագրից մեծ սպասելիքներ չունեն: Չնայած այս հանգամանքին՝ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն առաջարկում են ժամանակ տալ նորաստեղծ կառավարությանը՝ իր ծրագրի իրականացման համար:

«Մենք պետք է նոր կառավարությանը տանք 6 ամիս ժամանակ իրեն դրսևորելու համար»,- մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված  «ՀՀ նոր կառավարության ծրագիրը. լուծումնե՞ր, թե՞ ցանկություններ» թեմայով բանավեճին ասաց ՀՀ Աժ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Բանավեճին մասնակցում էին նաև ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները՝  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը,  «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Բանավեճի ամբողջական տեսագրությունը դիտեք այստդեղ:      

Մայիսի 22-ին  ՀՀ Ազգային ժողովը 70 «կողմ», 1 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներով հաստատել էր Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարության ներկայացրած ծրագիրը: Համաձայն նախօրոք ընդունված որոշումների՝ քվեարկությանը չմասնակցեց ոչ իշխանական քառյակը՝ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» խմբակցությունները, ինչպես նաև «Օրինաց երկիրը»: 

Բացառություն էին «Օրինաց երկիր» խմբակցությունից Կարեն Բոթոյանը, ով «կողմ» քվեարկեց, մինչև այդ հայտարարելով խմբակցությունը լքելու մասին և «ձեռնպահ» քվեարկած՝ «Ժառանգություն»-ից Ալեքսանդր Արզումանյանը և «Հայ ազգային կոնգրես»-ից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
 
«Մենք չենք բոյկոտել կառավարության ծրագրի քվեարկությունը, այլ միայն չենք մասնակցել դրան»,- պարզաբանեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նշելով, որ իրենք չեն խանգարի նոր կառավարությանը՝ մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված գործողություններ իրականացնել:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասաց, որ իրենց խմբակցությունը բովանդակային առումով չի քննարկել նոր կառավարության ծրագիրը, քանի որ այդ ծրագիրն իրականացնող կառավարության հանդեպ իրենք վստահություն չեն տածում. «Մենք չենք ընդունում միայն մարդկանց փոփոխությունը»:

Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության համեմատությամբ էական փոփոխություն չի տեսնում նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը. «Անձերի փոփոխությունից ոչինչ չի փոխվում, կառավարության մղումներն ու տրամաբանությունը նույնն են»: ՀԱԿ ներկայացուցիչն ասաց, որ իրենք չեն վստահում ոչ նոր կառավարությանը, ոչ էլ նրա ծրագրին և կարծում են, որ  նորաստեղծ կառավարությունը գնալու է նախորդի ճանապարհով:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է իրենց խմբակցությունը կողմ քվեարկել Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագրին և դեմ հանդես եկել նորաստեղծ կառավարության ծրագրին, ասաց, որ դա պայմանավորված է ծրագրում առկա փոփոխություններով. «Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի՝ այս մեկում արտացոլված չէ, թե ինչպես է լուծվելու մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրը՝ գործազրկությունը»: Ըստ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորի՝ նախորդ կառավարության ծրագիրը հստակորեն նշում էր, թե որքան աշխատատեղ է պատրաստվում ստեղծել:

«Թվեր գրված չեն նոր կառավարության ծրագրում, բայց նշված են այն մեխանիզմները, որոնք գործի դնելով գործարարները կարող են աշխատետեղեր ստեղծել»,- պատասխանելով ՕԵԿ ներկայացուցչին՝ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը:

Ըստ վերջինիս՝ Կառավարության ծրագիրը չի կարող հիմնված լինել երազանքների վրա, և այն  հիմնված է իրատեսության վրա:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ  նոր Կառավարության ծրագիրը նախորդի գաղափարական շարունակությունն է, սակայն կառավարության ծրագրի հաջողությունը պետք է հաշվել նրանով, թե արդյո՞ք մարդկանց ձեռնտու է ապրել և աշխատել այս երկրում:

«Հովիկ Աբրահամյանը պետք է ունենա վճռական նշանակություն և ասի՝ ժողովուրդ ջան, մեկ ամսում կարող եմ այսքանը և դա էլ կանեմ»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նորաստեղծ կառավարության ծրագրի բովանդակային մասի վրա չկենտրոնացան՝ հիմնականում համաձայնելով, որ առավել կարևոր է քաղաքական կամքը:

«Մենք փորձում ենք հետ չնայել ու գնալ առաջ Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ, իսկ շփոթված քառյակը փորձում է ամեն ինչ գցել Տիգրան Սարգսյանի կառավարության վրա»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը դարձավ  Հայաստանի Հանրապետության 13-րդ վարչապետը՝ փոխարինելով հրաժարական ներկայացրած Տիգրան Սարգսյանին:

«Մեդիա կենտրոն»