«Մի կին հետեւիցս ասեց թուրքի շուն, երբ իմացավ, որ Բաքվից եմ». Ըստ բռնագաղթածների՝ իրենց նկատմամբ «այլ» վերաբերմունք կա

«Մի կին հետեւիցս ասեց թուրքի շուն, երբ իմացավ, որ Բաքվից եմ». Ըստ բռնագաղթածների՝ իրենց նկատմամբ  «այլ» վերաբերմունք կա
«Մի կին հետեւիցս ասեց թուրքի շուն, երբ իմացավ, որ Բաքվից եմ». Ըստ բռնագաղթածների՝ իրենց նկատմամբ «այլ» վերաբերմունք կա

Շուտով կլրանա 28 տարին, ինչ տիկին Մանյան Բաքվի ջարդերից փրկվել ու բռնագաղթել է Հայաստան, բայց այս տարիների ընթացքում, ինչպես ինքն է ասում՝ այդպես էլ չի կարողացել ինտեգրվել հայաստանյան հասարակությանը: Ասում է՝  ադրբեջանահայերի նկատմամբ վերաբերմունքն այլ է:

«Մենք, ինչ էլ անենք, տարբերվում ենք, չգիտեմ՝ լեզուն է, պահվածքն է, բնավորության գծեր են, ինչ են, բայց տարբերվում ենք, դրա համար էլ շատ հաճախ մեզ վատ են վերաբերվում»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Տիկին Մանյայի դիտարկմամբ, չնայած վերջին տարիներին շատ չի հանդիպում պիտակավորումների իր հասցեին, բայց մի ժամանակ հարեւանները հատուկ ընդգծելու ու ցավեցնելու համար նրա հետեւից հաճախ ասում էին՝ «էս բաքվեցին, թուրքի մատոռով հայը»:

Կինն ասում է, երբ ընտանիքով եկան Հայաստան, դուստրը 12 տարեկան էր, սակայն տարիները ոչինչ չփոխեցին եւ մինչ այսօր նրա հետ է մնացել  «բաքվեցու աղջիկ» պիտակը:

«Ես վստահ եմ՝ հենց էդ վերաբերմունքի ու խոսքերի համար էլ էրեխես դժբախտացավ, իր տեղն ու երջանկությունը չգտավ»,-ասում է նա:

Անժելայի կյանքն էլ հեշտ չի դասավորվել: Տարիներ առաջ ամուսնու, երկու երեխաների հետ Բաքվից Հայաստան բռնագաղթելով՝ նրա ընտանիքը բազում խնդիրների առաջ է կանգնել:

«Առաջ, լիքը մարդիկ չէին էլ ուզում մի հատ բարեւեին, հարեւանություն անեին, ինչ ասես ասում էին: Հիմա վերաբերմունքը չնայած փոխվել է, բայց մարդիկ տարբեր են:  Վերջերս շուկայում մի կին հետեւիցս ասեց՝ թուրքի շուն, երբ ռուսերեն խոսացի ու իմացավ, որ Բաքվից եմ»,-«Մեդիալաբին» ասում է Անժելան:

Նա նկատում է, որ նման խտրական վերաբերմունք փախստական կանանց նկատմամբ է միայն զգացել, ասում է, որ երբեք չի լսել, որ  փախստական տղամարդկանց ասեն՝ էս բաքվեցին, էս թուրքի շունը.

«Եթե մեր ռուսերեն խոսելն է պատճառը, բա խի ստեղ ծնված, մեծացած, բայց էլի ռուսերեն խոսողներին տենց բաներ չեն ասում»,-հարցնում է նա:

Անժելան պատմում է, որ մի քանի ամիս առաջ բժշկի էր դիմել, բուժզննումից հետո, երբ պատրաստվում էր սենյակից դուրս գալ, մեկ էլ ականջին հասավ բուժքույրերի փսփսոցը. «սրանք էդպես էլ հայ չդառան, ոնց թուրքացած եկել էին, տենց էլ մնացին»:  Անժելան ասում է՝ անհասկանալի է՝ ինչո՞ւ են իրենց նույնացնում թուրքի հետ.

«Ոչ մեր հավատքն ենք փոխել, ոչ էլ թուրքին ենք գովում: Երկու երեխա եմ մեծացրել, երկուսն էլ լավ մասնագետներ են, Հայաստանին պետքական: Ունենք հնարավորություն ուրիշ երկիր գնալու, բայց չենք ուզում»,-ասում է նա:

1988 թվականին Ադրբեջանից տեղահանվել է մոտ կես միլիոն հայ, 420 հազարը եկել են Հայաստան, սակայն, թե քանի ադրբեջանահայ փախստական է ներկայումս ապրում Հայաստանում, միգրացիոն պետական ծառայությունից վստահեցնում են՝ նման վիճակագրություն չկա:

Ըստ ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինա Հակոբյանի, 2014 թվականի տվյալների համաձայն,  83, 706 ադրբեջանահայ փախստական ընդունել է ՀՀ քաղաքացիություն: Նա չի բացառում, որ ադրբեջանահայ փախստականների հանդեպ առանձին դեպքերում խտրականություն լինում է, սակայն կարծում է, որ դա համատարած բնույթ չի կրում:

«Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատուրյանն ասում է՝ ցանկացած մարդու ինտեգրացիան կախված է կեցությունով, ապրելու նորմալ պայմաններով, իսկ երբ 28 տարի է փախստականներն ապրում են առանց սեփական բնակարանի, ավերված հանրակացարաններում, առանց կոմունալ պայմանների, մարդն իրեն մարդ չի զգում, հայրենիքում չի զգում:

«Մենք այս երկրին պետք չենք: Երբ բարձր ատյաններում բնակարանի հարց ենք բարձրացնում, մեզ չարամտորեն պատասխանում են. մերոնց՝ տեղացիներին, որ ստեղ են ծնվել, մեծացել՝ չենք կարողանում բնակարանով ապահովենք, դուք եկել ու ուզում եք տան տեր դառնաք: Պաշտոնյաներն ասում են՝ չե՞ք ուզում՝ թողեք գնացեք: Այ էս ձեւով է խտրականությունը մեր հանդեպ արտահայտվում»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Խաչատուրյանն ասում է, որ փախստականներին հաճախ բաժին է ընկնում սեւագործ բանվորի աշխատանքը, շատ քչերն են կարողանում բարձր աշխատավարձով եւ, իր խոսքերով ասած՝ արժանապատիվ գործ գտնել: Նա նշում է, որ չի հավատում, թե կառավարությունը գումար չունի բռնագաղթածներին բնակարաններով ապահովելու համար, այլ պարզապես ցանկություն չկա:

«Պետությունը նրանց քաղաքացիություն ստանալու հնարավորություն տվեց՝ ապահովելով փախստականներին տրվող բոլոր երաշխիքները: Պարզապես, ամեն ինչ գալիս եւ հանգում է բնակարանային չլուծված խնդիրներին: Այդպիսի բան չկա, որ նրանց միտումնավոր չեն տալիս բնակարան: Մենք ամեն տարի պետբյուջեին 4 միլիարդ դրամի հայտ ենք ներկայացնում՝ բնակարանների ապահովման համար, բայց բյուջեն սուղ է, գումար չկա»,-«Մեդիալաբին» ասում է Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:   

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանի կարծիքով, իրականում, խտրականության են արժանանում ադրբեջանահայ փախստականների միայն ավագ սերնդի որոշ հատվածի համար:

Նա նշում է, որ Հայաստանը չլքած ադրբեջանահայերի հիմնական մասն արդեն հասկացել է, որ խտրական վերաբերմունքը մեր երկրում հիմնականում պայմանավորված է ոչ նրանով, որ նրանք փախստականներ են, այլ նրանով, որ  չեն գործում օրենքները, ինչը խտրականության դաշտ է բերում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

«Նախկինում, մեր ցանցին ուղղված դիմումներում հաճախ էին հնչում նմանօրինակ բողոքներ, այսօր՝ այդպիսիք չկան: Հայ հասարակության մոտ ձեւավորված որոշակի նեգատիվ վերաբերմունքն էլ տվյալ ոլորտում մեր իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է: Իսկ որ դեռեւս կան խտրական արտահայտություններ ադրբեջանահայերի նկատմամբ, թերեւս, հնարավոր է. միջանձնային փոխհարաբերություններում ամեն կարգի անվանարկումներ կարող են լինել»,-«Մեդիալաբին» ասում է նա:

Ասատրյանը վստահեցնում է՝ նման խնդիր չկա Հայաստանում ծնված եւ մեծացած Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների երիտասարդ սերնդի մոտ, նրանք իրենց օտար չեն զգում, իսկ  այն սերունը, որը 1988-ից  90-ականների սկիզբը Ադրբեջանում ենթարկվեց էթնիկ զտումների, ցեղասպանության գործողությունների, բռնի տեղահանվեց եւ դարձվեց փախստական, առ այսօր այդպես էլ իրեն յուրային չի զգում:

«Դրա պատճառն այն չէ, որ այստեղ ինչ-որ մեկն իրեն «թուրք» կամ այլ կերպ է անվանել, խնդիրը շատ ավելի խորն է եւ առ այսօր լուծում չի ստացել: Պարզ է, որ հարցի սոցիալական բաղադրիչը այս տարիների ընթացքում դեռեւս օդից կախված է»,-ասում է Ասատրյանը:

Նա եւս խոսում է փախստականների՝ հանրակացարաններում կեցության անմխիթար պայմանների մասին:

«Իսկ պետությունը նրանց հորդորում է սեփականաշնորհել դրանք՝ բնակապահովման բեռը թեթեւացնելու համար: Մարդիկ տասնամյակ առաջ ընգրկված լինելով բնակապահովման առաջնահերթ կարիքավոր ընտանիքների ցուցակում առ այսօր բնակվում են անմարդկային պայմաններով: Խնդիրները շատ են՝ պարտադրողաբար ՀՀ քաղաքացիության շնորհում եւ փախստականի կարգավիճակից զրկում (հաճախ առանց անձի գիտության), հետեւաբար՝ փախստականի կարգավիճակից բխող առավելություններից եւ իրավունքներրից օգտվելու անհնարիություն, կաշառակերության դեպքեր՝ օրենքով սահմանված կարգով կացարան տրամադրելու համար եւ այլն»,-ասում է նա:

Ներկայումս, ինչպես Իրինա Հակոբյանն է վստահեցնում, ադրբեջանահայ 924 ընտանիք է ներառված բնակարանային առաջնահերթ ծրագրում, սակայն խնդիրը երբ կլուծվի՝ հստակ պատասխան չկա:

37-ամյա Նադյան Հայաստան է եկել Շամխորից՝ 27 տարի առաջ տեղավորվել են Աբովյան քաղաքի մի հանրակացարանում, այդպես էլ մինչեւ հիմա ապրում են 12 քմ սենյակում:

«6-7 տարեկան էի, որ տեղավորվեցինք էս հանրակացարանում, ապրեցի, մեծացա, երեխաներ ունեցա, դեռ էս հանրակացարանում եմ, ով գիտի՝ տատի եմ դառնալու էլի էս հանրակացարանում,-«Մեդիալաբին» ասում է նա:- Կոմունալ ոչ մի պայման չունենք, հաց ենք ուտում, լողանում ու քնում նույն 12 քմ սենյակում: Սրանից էլ վատ խտրականությո՞ւն: Հույս էլ չկա, թե մի բան, մի օր կփոխվի»:

Նելլի Բաբայան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

© Medialab.am