Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ցուցարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ շենքի մոտ

Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի ճանապարհը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:

Միջադեպի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատել չհաջողվեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ: