Միայն ներքնապես և արտաքին գետնի վրա հաշմված, հյուծված, Հայաստանին հնարավոր կլիներ պարտադրել այսպիսի նվաստացուցիչ փաստաթուղթ ստորագրել․ Արման Բաբաջանյան

Ստեղծված այն իրավիճակը, երբ Հայաստանը պարտադրված կլիներ ստորագրել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները, հնարավոր էր միայն մի դեպքում՝ եթե Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեր պատերազմում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը և հավելել․

«Կասկածից վեր է, որ Ադրբեջանը միայնակ, թեկուզ Հայաստանից բազմակի անգամ գերազանցող սպառազինությամբ, չէր կարող պարտության մատնել Հայաստանին։ Ուրեմն ինչ էր պետք անել, թույլ տալ, որ Թուրքիան միանա Բաքվին և կառավարի պատերազմը, դրան էլ վրադիր արտոնել, որ Թուրքիան վարձկան-ահաբեկիչներ հավաքագրի Սիրիայում՝ Հայաստանի դեմ պատերազմում։

Այնուհետ, պետք էր այնպիսի ջախջախիչ հարված հասցնել հայերին, որ Երևանը՝ Ռուսաստանում դեռ տասը տարի առաջ մտածված, հունցված, հասունացած Լավրովյան պլանի իրական նպատակը՝ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը իրականություն դարձնող և տարածաշրջանում նոր աշխարհակարգի սկիզբ դնող համաձայնությունը չստորագրել անկարող գտնվի։

Միայն ներքնապես և արտաքին գետնի վրա հաշմված, հյուծված, Հայաստանին հնարավոր կլիներ պարտադրել այսպիսի նվաստացուցիչ փաստաթուղթ ստորագրել։ Որևէ այլ պարագա, երբ Հայաստանը կհամաձայներ այսպիսի հեռանկարին, ուղղակի անհնար է, ԱՆՀՆԱՐ»։