Ամեն անգամ պարտադրվել է բեկում մտցնել ռազմական գործողություններում, ինչի հետևանքով մենք կորցրել ենք մեր աչքի լույսը, մեր լավագույն բրիգադը. Սերժ Սարգսյան

Մենք ունեցել ենք բանակային պաշտպանության երկրորդ և երրորդ գծեր և մեր պաշտպանական պլանում հստակ գրված էր, թե որ ստորաբաժանումները ինչ դիրքեր պետք է զբաղեցնեին: Այս պատերազմում, ցավոք, դիրքեր զբաղեցված չեն եղել: Այդ մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դիրքեր չենք զբաղեցրել, որովհետև պատերազմին անհարկի, անտեղի միջամտություն է եղել: Անհարկի, անտեղի, ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Այս կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է լսել ու հավանություն տվել», -ասել է Սարգսյանը:

Հարցին, թե խոսքը Լելե Թեփե բարձունքը գրավելու մասի՞ն է, ի պատասխան Սերժ Սարգսյանը ասել է. «Օպերացիան այդ անունը չի կրել, բայց, այո, այդ տարածքի մասին է խոսքը»:

Հստակեցմանը, թե խնդիր է դրվել ամեն գնով հետ բերել այդ բարձունքը, նախկին նախագահը արձագանքել է. «Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, ինչը անթույլատրելի մի բան է: Բեկում մտցնելը անպատրաստ հարձակումները չեն, բեկում մտցնելու համար դու պետք է կարողանաս միգուցե ռեզերվային ուժերի օգնությամբ գրավել հարմարավետ դիմագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի կարողանան արդեն թիկունքում լրացնել իրենց սանիտարական կորուստները ու կարողանաս փակ ուժերով կանգնեցնել հակառակորդին: Բայց ոչ, մտածել էին գնալ ու շրջափակման մեջ վերցնել խորացող ադրբեջանական ուժերին ու օգտագործելով մեր աչքի լույսը, մեր լավագույն բչիգադաները, ռեզերվը: Դրա հետևանքով Պաշտպանության բանակը զրկվածէ եղել ռեզերվային ուժերից»:

Ըստ Սերժ Սարգսյանի, այս օպերացիան տեղի է ունեցել հոկտեմբերի սկզբին, սակայն մարտական սխալները սկսվել են սեպտեմբերի վերջից: