Դուք Հայաստանի ամենաանկեղծ և ազնիվ քաղաքացիներն եք. Նախագահական նստավայրում երեխաներ են հյուրընկալվել

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրիի «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների:

Մինչ նախագահական նստավայր այցելելը երեխաները, Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում դիտել են հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը: Օրվա երկրորդ կեսը նրանք անցկացրել են նախագահականում: Նրանց համար կազմակերպվել են խաղեր, վիկտորինաներ, երեխաները հնարավորություն են ունեցել զբաղվել կավագործությամբ, նկարչությամբ, անգամ՝ գիտափորձեր կատարել, այնուհետև ինտերակտիվ ներկայացում են դիտել:

Փոքրիկների, նրանց ուսուցիչների ու ծնողների հետ հանդիպել է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է նրանց հետ, ծանոթացել երեխաների հմտություններին, դիտել նրանց աշխատանքները, հետաքրքրվել նրանց տպավորություններով: «Շատ ուրախ եմ տեսնել ձեզ,- շնորհավորելով փոքրիկ հյուրերին՝ ասել է Հանրապետության նախագահը: -Շատ ծանոթ դեմքեր կան, դեմքեր, որոնց հանդիպել եմ Գյումրիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում: Դուք մեր ամենաթանկն եք, ամենաարժեքավորը ոչ միայն ձեր տատիկների, պապիկների, հայրերի, մայրերի համար, այլև մեր ամբողջ երկրի ու ժողովրդի համար: Դուք մեր ապագան եք: Դուք Հայաստանի ամենաանկեղծ և ազնիվ քաղաքացիներն եք: Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ՝ այդպես էլ մնացեք ձեր ամբողջ կյանքում, եղեք ազնիվ և անկեղծ: Կմեծանաք, և ձեր կյանքում ամեն բան կլինի՝ աշխատանք, հաջողություններ: Սակայն երբեք չկորցնեք այն ամենաարժեքավորը, ինչ ունեք այսօր՝ ձեր անկեղծությունն ու ազնվությունը»:

Նախագահը նշել է, որ ամեն անգամ երեխաների հետ հանդիպումը իրեն նոր եռանդ ու լիցքեր է հաղորդում, հույս հայտնելով, որ երեխաները նույնպես նախագահական նստավայրից կգնան դրական լիցքերով ու լավ տպավորություններով: Նա մաղթել է, որ երեխաներն իրենց դիտած մուլտֆիլմի հերոսի՝ հայոց արքա և օլիմպիական չեմպիոն Վարազդատի նման լինեն ազնիվ, ուժեղ ու հայրենասեր, սիրեն հայրենիքը: