Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում ներկա չեն եղել երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը, դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:
Ավելի վաղ Ալիևն այցելել էր ԼՂ մի շարք այլ տարածքներ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում է առաջացրել. տեղի ունեցածն անվանել են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։ «Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա:
Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,-հայտարարել է Հաջիևը: Նշենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։
Այս մասին հայտնում է Factor.am-ը