Սահմանադրական դատարանը որոշեց՝ ընտրությունների արդյունքները անվավեր չեն ճանաչվի

Հայաստանի Սահմանադրական դատարանը քիչ առաջ անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքները հաստատելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքները անվավեր չեն ճանաչվի։

Դատարանի որոշման եզրափակիչ հատվածի հրապարակմանը ՍԴ դահլիճում ներկա չէին ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը։ Նշենք, որ հատուկ կարծիք ընտրական վեճերով չի կարող լինել, հետևաբար այս դատավորները չեն կարող իրենց դիրքորոշումը հայտնել հատուկ կարծիքով։

Դիմում ներկայացրած կողմերից «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՍԴ նման որոշումը իրենց համար անակնկալ չէր։

«Որոշումը իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

«Ինը դատավորներից յուրաքանչյուր մտածում էր, որ եթե շեղվի քաղաքական այս որոշումից, իրեն կփռեն ասֆալտին, կկտրեն մատները, վենդետա լինի և այլն։ Սահմանադրական դատարանը չունեցավ խիզախություն անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», -իր հերթին հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։