«Վիտալի Բալասանյանը հայտնվել է թալանչիների ու հանցագործների շրջապատում և խաղում է նրանց խաղը»․ Տիգրան Գրիգորյան

«Վիտալի Բալասանյանը հայտնվել է թալանչիների ու հանցագործների շրջապատում և խաղում է նրանց խաղը»․ Տիգրան Գրիգորյան
«Վիտալի Բալասանյանը հայտնվել է թալանչիների ու հանցագործների շրջապատում և խաղում է նրանց խաղը»․ Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս Հայաստանի իշխանությունների հասցեին քննադատությամբ հանդես եկավ։ Մասնավորապես, նա ասում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում իշխանությունը բռնազավթվել է։ Անդրադառնալով հայաստանյան ՀԿ-ների կողմից Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացնելու համար ՀՀ պետբյուջեից հատկացված գումարին՝ ասել է, որ դա միջամտություն է Արցախի սուվերենությանը։ Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը նման հայտարարություններով հանդես գալիս։

– Վիտալի Բալասանյանը, ցավոք սրտի, վերջին շրջանում հայտնվել է բավական վատ շրջապատում։ Ինքը երբեք հանցագործ ու թալանչի չլինելով՝ այսօր փաստորեն հայտնվել է թալանչիների ու հանցագործների շրջապատում և խաղում է նրանց խաղը, դարձել է նրանց դրոշակակիրը, հրապարակային դեմքը և ողջ հարվածը փաստորեն իր վրա է վերցնում։

Այդ հայտարարությունները պարզապես զավեշտալի են, որովհետև Արցախի իշխանությունները տարիներ շարունակ պարզապես աղերսում էին, որ դրսի դիտորդական առաքելությունները գային ու ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնեին։ Խոսքը, մասնավորապես, արտասահմանյան կազմակերպությունների մասին է։ Եվ այսօր տեսնում ենք, որ ՏԻՄ ընտրություններում դիտորդություն կատարող կազմակերպություններից մեկը արտասահմանյան հեղինակավոր կազմակերպություններից մեկի մասնաճյուղն է Հայաստանում։ Դա համարել միջամտություն Արցախի ներքին գործերին՝ ուղղակի զավեշտալի է։

Վիտալի Բալասանյանն ինքը շատ լավ տեղյակ է, թե ինչպես են Արցախում անցնում ընտրությունները։ 2012 թվականին ինքն իր մաշկի վրա զգացել է արցախյան «ժողովրդավարական հաջողությունների» բոլոր այլանդակությունները։ Այն բոլոր տեղամասերում, որտեղ նա վստահված անձ է ունեցել, կարողացել է վերահսկել ընտրությունները, այդ վայրերում չեն կեղծվել։ Բայց, օրինակ՝ Շահումյանի շրջանում, որտեղ կիսաֆեոդալական կարգեր են մինչև հիմա, իր այն ժամանակվա հակառակորդ Բակո Սահակյանն ստացել էր 95 տոկոս ձայն, ինչը նորմալ չէր։

– Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք, որ Վիտալի Բալասանյանը «խաղում է այլոց խաղը»։

– Ես կարծում եմ՝ այս հայտարարությունները քաղաքական խաղի մասն են։ Միգուցե նույնիսկ համակարգվում են Երևանից՝ սերժսարգսյանական շրջանակների հետ։ Միակ նպատակը Հայաստանի կառավարության դեմ տարատեսակ մանիպուլյացիաներ իրականացնելն է, հակաքարոզչությամբ հանդես գալը։

Այդ հակաքարոզչությունը միշտ էլ եղել է՝ հեղափոխության առաջին օրերից սկսած։ Վերջին մեկուկես տարում տարբեր գործիչներ տարբեր շրջանում առաջին պլան էին դուրս գալիս։ Բայց ես կարծում եմ՝ 2020 թվականի ընտրություններն ամեն ինչ իրենց տեղն են դնելու։ Եվ կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր հիմա տարբեր հայտարարություններ են կատարում դիտորդական առաքելությունների դեմ, վախեցած են, որովհետև այդ ուժերը տարիներ շարունակ կարողանում էին ժողովրդի քվեն «ստանալ» միայն ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով։ Եվ այժմ փաստորեն ինչ-որ առումով այդ ամենը վտանգված է, ավելի դժվար է լինելու այդ կեղծիքները կազմակերպել, մարդկանց ճնշել, մոլորեցնել։ Եվ մենք 2020 թվականին, կարծում եմ, տեսնելու ենք, թե ոնց են այդ ուժերը ձախողվում։ Արցախում տեսնելու ենք իրական պատկերը։

– Այսինքն՝ Արցախում ևս հնարավո՞ր է լինելու անցկացնել նոր որակի ընտրություններ։

– Գիտեք, Արցախում, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, բայց նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ընտրությունների բնույթը տարբերվել է Հայաստանից։ Օրինակ՝ մեր կուսակցությունը 2015 թվականի ընտրություններում բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ վստահված անձինք է ունեցել, կարողացել է մեր ձայնը պահել։ Իհարկե, բազմաթիվ խախտումներ եղել են նախընտրական շրջանում, քարոզարշավի ժամանակ բազմաթիվ ճնշումներ են եղել, բայց բուն քվեարկության օրը Արցախում ավելի հեշտ էր քվեարկությունը վերահսկել, քան Հայաստանում։ Այսինքն՝ այստեղ քվեարկության օրը նույն քրեական տարրերի դերը միշտ էլ քիչ է եղել, քան Հայաստանում։

– Որքանո՞վ եք դուք կարևորում Հայաստանից դիտորդական առաքելության անցկացումը, ի՞նչ կարող է փոխել այն, հատկապես նոր իրողություններում։

– Կարծում եմ՝ դիտորդական առաքելություն պետք է իրականացվի հատկապես այն շրջաններում, որտեղ միշտ կեղծվում էին ընտրությունները։ Խոսքը Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի, միգուցե նաև Շուշիի մասին է։ Այդ շրջաններում միշտ էլ իշխանության նախագահի թեկնածուն 80 տոկոսից ավելի ձայն էր ստանում, ինչն նորմալ չէ։ Եթե կարողանան քվեարկությունը վերահսկել, այսինքն՝ եթե թույլ չտան, որ հատկապես Քաշաթաղի ու Շահումյանի շրջանում ընտրությունների եկած մարդկանց թվից ավելի թիվ գրանցվի, ապա դա ձեռքբերում կլինի։

Մենք գիտենք, որ Քաշաթաղի շրջանում գրանցված են մարդիկ, ովքեր բնակվում են Երևանում, չեն մասնակցում ընտրություններին, բայց այդ մարդկանց անունները գրվում են և ավելացվում այս կամ այն ուժի ձայներին՝ արհեստականորեն մեծացնելով նրանց քվեների թիվը։ Եթե դիտորդները կարողանան այդ ամենը վերահսկել, թույլ չտալ, որ այդ մեխանիզմներն օգտագործվեն, կարծում եմ, մեծ օգուտ կտան այս ընտրություններին։ ՏԻՄ ընտրությունները, կարծում եմ, նրանց նաև հնարավորություն կտան ծանոթանալու Արցախի ընտրությունների առանձնահատկությանը, և 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ արդեն նրանք ավելի մեծ փորձ կունենան այդ ոլորտում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am