Առուշ Առուշանյանն «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ Factor.am

Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց համայնքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ըստ փաստաբանի՝ Առուշանյանին երեկ են տեղափոխել, սակայն որևէ հիմնավորում, որպես այդպիսին, իրենց չեն ներկայացրել: «Թե որ քրեակատարողական հիմնարկում կպահվի գործով անցնող մեղադրյալը կամ ամբաստանյալը, որոշում է քննչական մարմինը։ Մենք որևէ միջամտություն անել չենք կարող, ամեն ինչ նրանց հայեցողության տակ է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Factor.am-ը փորձեց տեղափոխման պատճառը ճշտել Քրեակատարողական ծառայությունից։ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում պարբերաբար կատարվում են անազատության մեջ պահվող անձանց տեղաշարժեր։

«Առուշ Առուշանյանի դեպքում մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելը ևս պայմանավորված է եղել բացառապես այդ գործընթացով»,- նշեց Նավիկյանը:

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվել էր հուլիսի 16-ին, ինչից հետո միանգամից տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ Նշենք, որ համայնքապետի հետ հեռախոսազրույցները և տեսակցություններն այս պահին արգելված են։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավեի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։ Առաջադրված մեղադրանքը Առուշանյանը չի ընդունում՝ այն որակելով շինծու և անլուրջ։