Բաքվի դատարանը հրապարակել է հայկական կողմից պատերազմին մասնակցելու մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու դատավճիռը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում  ավարտվել  է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով  դատավարությունը, որին Ադրբեջանը մեղադրում է Արցախյան պատերազմում հայկական կողմից մասնակցելու մեջ՝ նրան համարելով վարձկան։  Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները  դատական նիստն ընթացել է դատավոր  Սամիր Ալիևի նախագահությամբ, գրում է Factor.am-ը։

Դուբակովը  վերջին խոսքով է հանդես եկել ու նշել , որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Այնուհետ դատարանը խորհրդակցական սենյակ  է  գնացել, որից հետո հրապարակել դատավճիռը։  Դուբակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։ Բացի այդ դատավճռում նաև նշվում է, որ պատիժը կրելուց հետո  Դուբակովը արտաքսվելու է Ադրբեջանից։

Բաքուն ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել 214․-3․1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218․2 (մասնակցություն հանցավոր կազմակերպությանը, խմբավորմանը), 318․2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։

Նախորդ դատանական նիստերից մեկում նիստում Դուբակովը հերքել էր բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք շինծու են, նաև ասել, որ խոստովանական ցուցմունք է տվել ճնշումների ներքո։

Դուբակովը նաև հայտարարել էր, որ 2018 թվականին Բելառուսում հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և այցելել Արցախ հենց նրանց հանձնարարությամբ։ Դուբակովի խոսքով՝ 2021 թվականի հունվարին իրեն կանչել են Բաքու՝ դրամական պարգևատրման և նոր հանձնարարություններ տալու համար, սակայն ձերբակալել են։