Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ.Արտյոմ Սմբատյան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ:

Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական նվիրումի համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում առողջապահական համակարգի 40000-ից ավելի աշխատակիցներին, որոնք կատարել են իրենց պարտքը՝ երկրի և առողջապահական համակարգի բարդ ժամանակաշրջաններում` համավարակի և պատերազմի պայմաններում:

Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ:

Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:

Նախարար Անահիտ Ավանեսյանին և նախարարության ղեկավար անձնակազմին մաղթում եմ բազում հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և հայտնում եմ պատրաստակամությունս աջակցել ձեր կողմից վարվող մարդակենտրոն առաքելությանը, որտեղ էլ կգտնվեմ»:

Հարգանքով՝ Արտյոմ Սմբատյան