Ֆիզգորոդոկում իրավիճակը չի փոխվում․ բնակիչները պահանջում են դադարեցնել շինաշխատանքները մինչև գործի քննության ավարտը. Factor.am

Երևանցիներին ավելի շատ «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կրկին ահազանգել են, որ հատվում են ծառերը և փորվում է ցանկապատված տարածքի այն հատվածը, որտեղ, ինչպես կառուցապատողն է պնդում, նկուղ է եղել, գրում է Factor.am-ը։

Բնակիչները պնդում են, որ տարածքը դեռ 2000-ականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար։ «Տարիներ առաջ՝ 2004 թվականին, կեղծ նկուղի գոյության հիմքով, (այնտեղ չկա և չի եղել) ձևակերպել են կեղծ նկուղ և վարձակալության են  տվել չնչին գումարներով, ապա սեփականաշնորհել և վերավաճառել»,- ասում է թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը։ Գիտավանի՝ շուրջ 200 քառակուսի մետր մակերեսով տարածքում, որ 2004 թվականից մի քանի սեփականատեր է փոխել, այս տարվա հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել «Ռատկո» ՍՊԸ-ին՝ կառուցելու  12-հարկանի բնակելի շենք։

Բնակիչները նշում են, որ այդ տարածքում նկուղ գոյություն չունի, իսկ կառուցապատողը, իրենց բնորոշմամբ, փորձում է կոծկել բոլոր փաստերը, որի միջոցով իրենք կարող են հաջողության հասնել։ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ օրեր առաջ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։

«Ռատկո» ՍՊԸ-ն էլ իր հերթին բնակիչների կողմից ցանկապատի վրա գրություններ թողնելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն։ Ավելի ուշ բնակիչները ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել են, որ իրենց բանավոր կերպով հավաստիացրել են, թե շինհրապարակում այս պահին աշխատանքները կասեցվել են։ Ֆիզգորոդոկցիները պահանջում են  աշխատանքները առհասարակ դադարեցնել մինչև գործի քննության ավարտը։