Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ Սահմանադրությունը կարգավորում է ՀՀ նախագահի հրաժարականից հետո երկրում նախագահի պարտականությունների իրականացման հետ կապված իրավիճակը:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես ստանձնում է ՀՀ ԱԺ նախագահը:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածը սահմանում է.

«Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահը հրաժարական է տվել մասնավորապես հայտարարելով.

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն»: