Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը առաջիկայում թատերասերների դատին նոր ներկայացումներ է հանձնելու, թատրոնը մեկնելու է հյուրախաղերի, մասնակցելու է փառատոների. Այն չի դադարեցնելու իր գործունեությունը անկախ թատրոնի լուծարման մասին պտտվող լուրերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին թատրոնի ներկայացուցիչները` շեշտելով, որ թատրոնի լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մասնավորապես մտավորականության դիմադրությանն ու մերժմանը:
«Համազգային թատրոնում աշխատում են դերասաններ, որոնք պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Այստեղ բեմադրվում են ներկայացումներ, որոնք տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ Գրան պրիներով են վերադառնում տարբեր արտասահմանյան փառատոներից: Համազգային թատրոնն այսօր գտնվում է վերելքի փուլում և թատրոնի լուծարման մասին հայտարարություններ անելը պարզապես անթույլատրելի է»,-նշեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը և հավելեց, որ շուրջ երկու ամսվա ընթացքում վերանորոգել են թատրոնի ճեմասրահը, բեմական հարդարանքը, նոր ներկայացում բեմադրել: