ԱՀ ՆԳՆ-ը հորդորում է բնակիչներին խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ բնական գազի մատակարարման բացակայության պատճառով այս օրերին ԱՀ քաղաքացիների մեծ մասը կենցաղում օգտագործում է գազի բալոններ, որոնք հրդեհանվտանգության տեսակետից շատ վտանգավոր են:

ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է: Բարեբախտաբար 2 դեպքում էլ լուրջ վնասներ չեն գրանցվել:

Բնակարաններում գազի բալոնի պայթյունը արտակարգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների, հատկապես, եթե բալոնի մոտ այլ ապրանքներ կան: Նման արտակարգ դրությունը կարող է հանգեցնել ոչ միայն գույքի ոչնչացման, այլև՝ խլել մարդկային կյանքեր։ Մետաղական բալոնների խնդիրն այն է, որ չափազանց դժվար է վերահսկել դրանցում գազի մակարդակը։ Պայթյունի պատճառ է նաև այն, որ բալոնում գազի հարաբերակցությունը չի համապատասխանում նորմերին։

«ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ: