Ազգային ժողովի աշխատակազմը նպատակահարմար չի համարել ձեռք բերել «Toyota RAV 4» մոդելի ամենագնաց երկու մեքենաները, որոնք նախատեսված էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու: Այս պահին դա նպատակահարմար չէր, և Ազգային ժողովը որոշել է ձեռնպահ մնալ նման քայլից», -հավելեց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին կառավարության նիստում որոշում էր ընդունվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար անհրաժեշտ ամենագնացներ գնելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացնել 54 մլն դրամ։ Այդ գումարով Ազգային ժողովը պետք է ձեռք բերեր երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։
«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,- նշված էր նախագծի հիմնավորման մեջ։