Օրերս սոցիալական ցանցում տարածվում էր մի տեսանյութ, որում Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը հիվանդանալու դեմ առաջարկում է ապաշխարանքը:
Նա բնակչության հետ հանդիպման ժամանակ, ըստ էության, հակապատվաստումային քարոզ է իրականացնում՝ նշելով, որ պատվաստումը չի օգնում: «Չե՞ք տեսնում, որ ոչ մի բանը չի օգնում, պատվաստում են՝ մեռնում են, չեն պատվաստում՝ մեռնում են, դիմակ են դնում՝ մեռնում են, դիմակ չեն դնում՝ մեռնում են, սաղ մեկ ա»,- եկեղեցում քարոզի ժամանակ հայտարարել էր հոգևոր հովիվը:
Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց, որ ծանոթ չէ այդ քարոզին և հավելեց. «Եկեղեցու դիրքորոշումը եղավ Հայ Առաքելական Եկեղեցու հայեցակարգային գրասենյակի կողմից, երբ հայտարարվեց, որ եկեղեցին պատվաստումների պարագայում հոգևոր վտանգ չի տեսնում»:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ: Միաժամանակ, ըստ նրա, կարևոր է չլինել վիրուսի կրող ու տարածող՝ այդպիսով վնասելով շրջապատի մարդկանց:
Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ ՀԱԵ սպասավորները հակագիտական թեզեր են տարածում, Տեր Եսային արձագանքեց. «Ես ներկայացրի Հայ Եկեղեցու հայեցակարգային գրասենյակի դիրքորոշումը: Կրկնում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր անհատական կարծիքը կարող է ունենալ պատվաստման հետ կապված, բայց ասել, որ պատվաստումը սատանայական է կամ սատանայի դրոշմի կնիքն է, նման բան գոյություն չունի»:
Հարցին, թե արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվաստվե՞լ է, Տեր Եսային դրական պատասխան տվեց. «Այո՛, իհարկե պատվաստվել է»:
Քահանան, միաժամանակ, դժվարացավ ասել, թե հոգևոր սպասավորների քանի տոկոսն է այժմ պատվաստված:
MediaLab.am