«Քանի դեռ այդ սրիկաները՝ հները, հրապարակում են, այս իշխանություններից մենք չենք կարող ազատվել». Սերգեյ Դանիելյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ է անցկացնում, մյուս կողմից՝ նաև 17 ընդդիմադիր ուժերն են հանրահավաքներ անում։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում։

– Էլի իրար դեմ հավաքներ են անում։ Այս մի թևը ցույց է տալիս, որ ես ժողովուրդ ունեմ, ռեսուրս ունեմ։ Նրանք էլ ցույց են տալիս, որ մենք էլ ունենք ժողովուրդ, բայց իրենք առանձնապես չունեն, մենք տեսանք, որ իրենց հավաքներին շատ մարդ չի գնում։

Գիտե՞ք վատը որն է, որ իրենք իրար դեմ են աշխատում, հանուն չեն աշխատում։ Տղայական էշություններ են անում, փորձում են իրար բան ապացուցել, իսկ երկիրը քաքի մեջ է։ Դրա համար ես չեմ մասնակցում այդ հանրահավաքներին։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը որակվեց ռազմական հեղաշրջման փորձ։ Ձեր կարծիքով՝ բախումների, ապակայունացման կամ հեղաշրջման վտանգ կա՞ երկրում։

– Ես չգիտեմ՝ դա հեղաշրջման փո՞րձ էր, թե՞ չէ, իրավաբան չեմ։ Բայց այն, որ հին իշխանությունն ամեն ինչ կանի, որ սրանց հանի, ընդհուպ մինչև ռազմական ճանապարհով, ընդհուպ մինչև քաղաքական սպանություններ և այլն, դա փաստ է։

Իրենք ուրիշ տարբերակ չունեն, իրենք պետք է սրանցից ազատվեն։ Սրանք էլ այնքան թույլ են, որ ժանանակին դրանցից չազատվեցին, և հիմա ունենք այն, ինչ ունենք։

Մեր ժողովուրդն անհեռատես կգտնվի՞, որ գնա սադրանքների, բախումների։

– Ժողովուրդը՝ չէ, հրոսակախմբեր կարող են լինել։ Չե՞ք հիշում նախկինում ոնց էր՝ մի 10 հոգի դուրս էին գալիս, սկսում էին դուբինկեքով իրար խփել։ Ժողովուրդը դժվար թե դուրս գան իրար դեմ, մանավանդ որ միտինգների ժամանակ մեծ մասամբ հավաքվում են նրանք, ովքեր նրանց գործարաններում են աշխատում։ Այսինքն՝ ակցիայի այդ մասնակիցները մոտիվացված չեն, էմոցիոնալ ոչ մի կայծ չեմ տեսնում այնտեղ։

Իսկ Փաշինյանի հանրահավաքներում կա այդ կայծը, այնտեղ եկել են կոնկրետ մարդիկ, որոնք չեն ուզում հների վերադարձը։ Միգուցե Փաշինյանն էլ աչքների լույսը չէ այս ամենից հետո, բայց մարդիկ չեն ուզում հների վերադարձ և վե՛րջ։

Բայց քանի դեռ այդ սրիկաները այնտեղ են, այդ հները, այս իշխանություններից մենք չենք կարող պրծնել։ Նրանք փակում են այն դաշտը, որտեղ պետք է ձևավորվեին նորմալ ուժեր, որոնք պետք է այս իշխանությանը հեռացնեին։

– Հետևաբար, ի՞նչ պետք է անել այս ստեղծված իրավիճակում։

– Ես ոսկե ձկնիկ չունեմ, սպասում եմ իրադարձությունների զարգացմանն ու նոր ուժերի ի հայտ գալուն։ Ուրիշ ի՞նչ կարելի է անել՝ գնալ Փաշինյանի միտինգին, թե՞ հների, ի՞նչ տարբերություն ինձ համար։ Գնաս նրանց հանրահավաքներին, որ ինչի՞ հասնես, որ Փաշինյանը մնա՞։ Ես չեմ ուզում, որ Փաշինյանը մնա, բայց չեմ էլ ուզում, որ նրանք հետ գան։

Թող Փաշինյանը հանկարծ չխաբվի, որ էդքան մարդ է գնացել իր միտինգին, նրանք երազում են, որ ինքը վարչապետ մնա։ Ուղղակի մարդիկ այլընտրանք չունեն, մերժում են հներին։

Մենք ուզում էինք մերժել Սերժին և մերժեցինք։ Մենք ուզում էինք, որ երկրում փոփոխություններ լինեին, համակարգ փոխվեր, իսկ սա եկավ ու լրիվ փչացրեց։ Առաջ գոնե ունեինք կոռուպցիոն համակարգ, որն աշխատում էր, կաշառքը տալիս էինք, գործն անում էին։

Հիմա էդ էլ ա քանդել, չկա կոռուպցիա, չկա պետություն, որովհետև կա՛մ նախքան քանդելը պիտի ստեղծես, կա՛մ քանդելուց հետո արագ պիտի ստեղծես։ Երեք տարի գլուխ ես արդուկում, էն օրն էլ գոռում, ասում ա՝ վե՛րջ թավիշին։ Բարև ձեզ, էդ ո՞նց ա լինելու։

– Նա հայտարարեց, որ թավիշին վերջ են տալու, նաև ընդդիմադիրներին սպառնաց, թե կձերբակալեն նրանց։ Գործողություններ կհաջորդե՞ն այս հայտարարությանը։ 

– Ո՞նց կձերբակալեն, ընենց էլ մի ժամից կթողնեն, թող գլուխ չարդուկի։ Ինքը մեխանիզմներ չունի մարդկանց ձերբակալելու, ինքն ունի կոռումպացված հների դատական համակարգ, որը չկարողացավ փոխել, ինքը չհավաքեց նորմալ թիմ։ Ինքն անկարող մեկն է։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am